Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ակնհայտ է, որ վերջին շրջանում Թուրքիայի ԱԳՆ-ը հետքայլ է անում». Կարեն Հովհաննիսյան

280
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ., 18:20
«Ակնհայտ է, որ վերջին շրջանում Թուրքիայի ԱԳՆ-ը հետքայլ է անում». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան վերջին 30 տարում գտնվում է հակամարտությունների, ռազմական գործողությունների մեջ: Թե՛ երկրի սահմաններից դուրս, թե՛ երկրի սահմաններից ներս Թուրքիան զինված բախումների մեջ է: Վերջին 30 տարում ավելի շատ զինված բախումներ են եղել, քան խաղաղ պայմանագրերի կնքում, որը առաջ կտաներ Թուրքիան, Թուրքիայի ներսում եղել են ավելի շատ զինված բախումներ, քան քաղհասարակության ներգրավվմամբ ծրագրերի իրականացում, որը կրկին դրական կանդրադառնար Թուրքիայի վրա: Սրա մասին արդեն խոսում են նաև Թուրքիայի մերձիշխանական փորձագետները:
Վերջին 30 տարում Թուրքիայի միայն երեք գերատեսչություն է աշխատել ծանրաբեռնված և, ըստ էության, դրանք են հիմա ընկալվում հասարակության կողմից, երբ ասում ես Թուրքիա: Այդ գերատեսչություններն են՝ ԱԳՆ, ԶՈՒ և ԱՀԿ (ազգային հետախուզական կազմակերպություն): Կարծես թե հենց այս երեք գերատեսչությունն է կապիտալացրել ժամանակակից Թուրքիայի աշխարհաքաղաքական քաղաքականությունը:
Սակայն ակնհայտ է, որ վերջին շրջանում Թուրքիայի ԱԳՆ-ն հետքայլ է անում, և որոշակի խնդիրներ ունի: Իշխանական կուլիսնրում խոսվում է, որ դիվանագիտական կորպուսը դժգոհ է Մևլութ Չավուշօղլուի վարած կադրային քաղաքականությունից: Թուրքիան աշխարհում ունի 246 դիվանագետ, որից 25-ը չունեն դիվանագիտական փորձ և նշանակվել են դեսպան, կամ հյուպատոս առանց այդ ոլորտին ծանոթ լինելու: Սրան զուգահեռ 50 դիվանագետ սպասում են իրենց դիվանագիտական կոչումներին, որոնք այդպես էլ չի տրվում: ԱԳՆ-ի ներսում առկա դժգոհությունը, ինչպես նաև դիրքերի թուլացումը հենց այս հանգամանքների հետ է կապված: Կարծիք կա, որ ԱԳՆ-ն, եթե չփոխի իր կադրային քաղաքականությունը, ապա վերջնականապես կձախողի Թուրքիան այս ոլորտում:
Մնացած երկու գերատեսչությունները դեռևս մնում են ընկալելի և ընդունելի, քանի որ փակ ինֆորմացիոն քաղաքականությամբ կարողանում են զերծ պահել իրենց համար անցանկալի ինֆորմացիոն արտահոսքից»: