Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իրանում խորհրդարանական ընտրություններ են․ 7148 թեկնածուներից 6-ը հայ են

2650
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 10:40
Իրանում խորհրդարանական ընտրություններ են․ 7148 թեկնածուներից 6-ը հայ են

Իրանի Մեջլիսում ընտրություններ են, հայտնում է ТАСС գործակալությունը: Խորհրդարանի 290 տեղի համար պայքարում է 7148 թեկնածու, որոնց թվում մոտ 800-ը կին է: Ընտրատեղամասերը երկրում բացվել են տեղի ժամանակով 08:00-ին (Երևանի ժամանակով 08։30-ին): Քվեարկությունը կտևի մինչև 20:00-ը, սակայն անհրաժեշտության դեպքում տեղամասերի աշխատանքը կարող է երկարաձգվել։
Ակնկալվում է, որ նախնական արդյունքները հայտնի կդառնան արդեն հաջորդ օրը, միևնույն ժամանակ, նշվում է, որ հայտարարելու ժամկետը կարող է հետաձգվել շտաբի ընտրությունների որոշմամբ: Պատգամավորներն ընտրվում են ուղղակի գաղտնի քվեարկությամբ չորս տարի ժամկետով: Չկա ընտրության շեմ, որի դեպքում ընտրությունները ճանաչվում են վավեր: Միևնույն ժամանակ, վերջին օրերին իրանցի առանցքային քաղաքական գործիչները, ներառյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանին և հոգևոր առաջնորդ և Ալի Խամենեին, ակտիվորեն կոչ են անում ընտրողներին մասնակցել քվեարկությանը: Համաձայն հարցումների՝ Թեհրանի բնակիչների միայն 21%-ն է հայտնել, որ պատրաստ է մասնակցել ընտրություններին:

Իրանի խորհրդարանում հինգ տեղ վերապահված է կրոնական և էթնիկ փոքրամասնությունների համար։ Երկու տեղ վերապահված են Իրանում բնակվող էթնիկ հայերի, մեկական տեղ ասորիների, հրեաների և զրադաշտների համար։ Հայտնի է, որ Իրանի խորհրդարանական ընտրություններում պատգամավորական մանդատի համար պայքարում է 6 հայ թեկնածու: Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում է 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում են Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը: