Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ
2413
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 10:10
Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին և ազդարարեց նրա նվիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը: Նստաշրջանը տեղի ունեցավ՝ չնայած բռնատիրական Ադրբեջանի բիրտ ճնշումներին, տեղի ունեցավ՝ ժողովրդավարության սկզբունքներին ու նորմերին, օրենքի տառին ու ոգուն խիստ համահունչ: Եվ ընդունվեց որոշում, որի համար մեր ժողովուրդը պայքարում էր տասնամյակներ շարունակ: Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը, մարդու իրավունքների ու ազատությունների, համամարդկային ու ազգային արժեքների պաշտպանությանը: Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը՝ Ղարաբաղում, մայր Հայաստանում և սփյուռքում: Այդ օրը դարձավ մեր ժողովրդի սխրանքի, վճռականության ու ազատասիրության, մեր համազգային միասնականության խորհրդանիշը: Սիրելի՛ հայրենակիցներ, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ հայոց պետականաշինության ճանապարհին»: