Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Վերջապես Օսման Կավալան ազատ է արձակվել». Հրանուշ Խառատյան

232
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 19:45
«Վերջապես Օսման Կավալան ազատ է արձակվել». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես: Օսման Կավալան ազատ է արձակվել: Ես շատ ուրախ եմ: Նրա մասին մեր՝ հայկական մամուլում գրում են «հայամետ», բայց դա ճիշտ չէ, Օսման Կավալան իր երկրի՝ Թուրքիայի պատրիոտ է և ամեն ինչ անում է թուրքական հասարակության իմիջը բարձրացնելու համար, այդ թվում՝ թուրքական հասարակության աշխարհայացքը ընդլայնելու, գրագիտացնելու, ինտելեկտուալացնելու համար: Շատ լավ գիտի, որ երևույթներն իրենց անունով կոչելու կարողությունը, որին երբեմն նաև արդարություն են ասում, լայնախոհ հասարակություններին է բնորոշ: Նա փորձում է երևույթներն իրենց անունով կոչել այն չափով, ինչ չափով դա հնարավոր է Թուրքիայում: Նա հայկական ցեղասպանությունը «աքսոր» չի անվանում, չի ժխտում կանխամտածված կոտորածները, բայց նեղ շրջանակներից դուրս նաև «ցեղասպանություն» չի անվանում: Նա չի մերժում հայկական պետականությունների փաստը, բայց այդ մասին չի խոսում: Չի մերժում, որ Արևմտյան Հայաստանը հայկական հայրենիք է, բայց այդ մասին չի խոսում: Օսման Կավալան չի խոսում այն բաների մասին, որոնք կարող են դեմ առնել թուրքական հասարակության մեջ հասունացրած կոշտ կարծրատիպերին: Նա, ըստ էության, ապստամբած քրդերի շարժումը և պայքարը «ազատագրական» չի անվանում, բայց խրախուսում է նրանց փոքրամասնական իրավունքների պաշտպանությունը, նա բարձրաձայն խոսում է Թուրքիայում ալեվիների ճնշվածության և նրանց նկատմամբ խտրականության մասին, նա չի խոսում Փոքր Ասիայում թուրքերի հազարամյակների գոյության մասին, բայց ընդունում է Փոքր Ասիայում թուրքերի՝ որպես էթնիկ միավորի ձևավորման փաստը ևլն: Միով բանիվ, Օսման Կավալան չի խոսում Թուրքիայում ավանդականացած «լեզվով», բանաձևերով, կաղապարներով, նրբորեն փորձում է փոխել հասարակության «լեզուն» և կարծր մտածողությունը, բայց այդ ամենն անում է իր երկրի և թուրքական հասարակության զարգացման համար: Օսման Կավալան գաղութարար չէ, բայց նրա համար «պատմական արդարությունը» պատմական անցյալը չմերժելն է, ոչ թե արդարությունը վերականգնելու որևէ գործողություն: Իրականում Օսման Կավալան թրքամետ է: Բայց նրա թրքամետության ձևն ու բովանդակությունն այնպիսին են, որ հայերի կողմից երբեմն կարող են հայամետություն ընկալվել, քրդերի կողմից՝ քրդամետութուն, ալեվիների կողմից՝ ալեվիամետություն: Ես ուրախ կլինեի այդպիսի թրքամիտության հարևաններ շատ ունենալ և հիմա ուրախ եմ, որ վերջապես ազատվել է կալանավայրից»: