Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Արարատի մարզում ավելացել են անչափահասների կատարած հանցագործությունները

240
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 11:45
Արարատի մարզում ավելացել են անչափահասների կատարած հանցագործությունները

Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է: Մասնավորապես, եթե 2018թ. մարզում 19 անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 27 դեպք, ապա 2019թ.՝ 27 անչափահասների կողմից կատարվել է 34 հանցագործություն: Այսինքն առերևույթ հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով, իսկ հանցագործության դեպքերը՝ 26%-ով:

Հանցանք կատարած 27 անչափահասներից 12-ը սովորում են հանրակրթական դպրոցներում: Ընդ որում՝ վերջիններիցս 5-ի կողմից 6 դրվագ հանցագործությունները կատարվել են դպրոցների տարածքում: Ավելին՝ այդ հանցագործություններից երեքը կատարվել են դասապրոցեսի ընթացքում, մեկը՝ դանակի գործադրմամբ։

Ըստ ծանրության աստիճանի՝ արձանագրված 34 հանցագործության դեպքերից 22-ը եղել է ոչ մեծ ծանրության, 8-ը միջին ծանրության, 3-ը ծանր և 1-ը առանձնապես ծանր հանցագործություններ։ Ընդ որում՝ 2018թ. առանձնապես ծանր հանցագործություն չէր գրանցվել: Նշված դեպքերով 6 քրեական գործ 9 անձի նկատմամբ՝ 12 դրվագ հանցագործության դեպքով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 26 դեպքով նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

Վիճակագրությունը փաստում է, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի տարեց տարի արձանագրվող աճին զուգահեռ նվազման միտումով փոխվում է հանցավոր արարքներ կատարող անչափահասների տարիքային շեմը, ինչին հակառակ՝ հանցագործությունների ծանրության աստիճանը փոխվում է առավել ծանրության ուղղությամբ: Առավել վտանգավորն այն է, որ ըստ քրեական գործի նյութերի՝ հանցավոր արարքներ կատարման արմատներում քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերն ու մտածողությունն է։

Մարզի դատախազութունում կատարված վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ մազում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակն աճում է անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքների աշխատակիցների կողմից հանցագործությունների նախականխման և կանխման գործառույթների ոչ պատշաճ իրականացման, դպրոցներում դասապրոցեսի ընթացքում շրջայցեր չկատարվելու, նշված բաժանմումնքների և դպրոցների միջև փոխգործակցության ցածր մակարդակի ֆոնին։ Աճին նպաստել է նաև անչափահասների կրթության, դաստիարակության և վարքի նկատմամբ դպրոցների ղեկավար կազմի, մանկավարժական կոլեկտիվների և Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ոչ բավարար հսկողությունը և դպրոցում աշակերտների ազատ ժամանակի ոչ ճիշտ կազմակերպումն օգտագործումը: Բացի այդ՝ էական նշանակություն ունի նաև արդեն իսկ հանցանք կատարած անչափահասների կյանքի, դաստիարակության պայմանների, ընդհանուր զարգացման, կրթական մակարդակի, դրսևորած ուսման առաջադիմության և վարքի, ուսումնական հաստատությունում և դրանից դուրս անչափահասին շրջապատող սոցիալական միջավայրի և այդ միջավայրում վերջինիս դերի, այսինքն՝ հանցանքի կատարմանը նպաստող պատճառների և պայմանների պարզման ուղղությամբ անբավարար աշխատանքի իրականացումը։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակից բխող հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ՀՀ Արարատի մարզի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ Արարատի մարզպետ Գ․ Սարգսյանին, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Ն․ Դուրյանին, ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա․ Գրիգորյանին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Մաթևոսյանին:

Առաջարկվել է յուրաքանչյուր գերատեսչության իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ մարզի տարածքում անչափահասների հանցավորության վիճակի հետագա վատթարացումը կանխելու, առավել ռիսկային անչափահասների վարքագծի նկատմամբ իրավասու մարմինների, ուսումնական հաստատությունների վերահսկողությունն ուժեղացնելու, նրանց առօրյայի կազմակերպման, նշված պետական օղակների միջև գործակցության առարկայական մեխանիզմներ գործադրելու, ինչպես նաև այլ գործողություններ իրականացնելու ուղղությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով դրանց արդյունքների մասին տեղեկացնել մարզի դատախազությանը: