Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Արցախի հարցը կամ ինչո՞ւ պիտի փոխվի Սահմանադրությունն ամբողջությամբ». Արա Պապյան

269
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 13:05
«Արցախի հարցը կամ ինչո՞ւ պիտի փոխվի Սահմանադրությունն ամբողջությամբ». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հարցը կամ ինչո՞ւ պիտի փոխվի սահմանադրությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

Արցախի հարցը խրթինագույն ու բարդ հարց է: Այն պահանջում է ոչ միայն հսկայական բնատուր ձիրք, լուրջ քաղաքագիտական պատրաստվածություն և տարիների փորձ, այլև ամբողջական նվիրում: Այսինքն, Արցախի հարցով զբաղվողը պիտի զբաղվի միմիայն այդ հարցով, իր ողջ ժամանակն ու ուշադրությունը հատկացնի դրան, և պիտի ունենա խորհրդականների, աջակիցների ու օգնականների աշխատանքային խումբ:

Այդպես է եղել մեր անկախության առաջին տարիներին: Անկախ Ժիրայր Լիպարիտյանի նկատմամբ իմ վերաբերմունքին, ընդունում եմ՝ նա հմուտ ու պատրաստված մասնագետ էր, ինչպես նաև խորամանկ մարդ, և ամբողջովին Արցախի հարցի մեջ էր ամբողջ օրը, իր օգնականների խմբով: Կարող եմ վկայել, որ անգամ այդ դեպքում էլի ժամանակը չէր հերիքում: Նա ԱԳՆ-ում ուներ իր գործակից փոխնախարարը, որի միջոցով համադրվում էին աշխատանքները: Հետագայում Լիպարիտյանտ իր խմբով և առաջին փոխնախարարի կարգավիճակով տեղափոխվեց ԱԳՆ:

Հիմա եկեք իրատես լինենք՝ արդյո՞ք այս անձնակենտրոն սահմանադրությամբ որևէ անձ ի վիճակի՞ է իրականացնել 1990-ականների նախագահի, վարչապետի, Արցախի հարցով բանակցողի և մինչևիսկ փոխնախագահի գործառույթները: Հաստատապես՝ ոչ: Ես բազմաթիվ գանգատներ ունեմ, որ հարցերը լուծվում են միայն վարչապետի մակարդակով, իսկ նա արտասահմանյան ուղևորությունների արանքում որևէ մեկի հետ հանդիպելու և մանրակրկիտ հարցը քննարկելու ժամանակ չունի:

Հետևաբար, անհրաժեշտ եմ համարում շուտափույթ կիսանախագահական համակարգին վերադարձը, երբ ժողովուրդը հնարավորություն կունենա ընտրելու օրենսդիրին և հնարավորություն կունենա առանձին ընտրելու նախագահ-փոխնախագահ (վարչապետ) զույգին: Այս երկհավասարակշիռ վիճակում օրենսդիրը կլինի նաև գործադիրի արդյունավետ վերահսկիչը, իսկ գործադիրն էլ իր գործառույթները կբաժանի երկու մասի՝ նախագահին արտաքին քաղաքական և անվտանության հարցախումբը, իսկ փոխնախագահ-վարչապետին տնտեսական հարցերը:

Կարծում եմ որպես հիմք կարելի կլինի ընդունել 1995թ. սահմանադրությունը, այն նորափոխել և մի քանի ամսից գնալ հանրաքվեի: Իմաստ չեմ տեսնում երկու անգամ սահմանադրության հարցով հանրաքվեի անցկացումը: Սա ոչ միայն յոթը միլիոն դոլար խնայելու հնարավորություն կտա, այլև կստիպի իշխանություններին արագ ընդունել նոր սահմանադրույթուն: Հակառակ դեպքում, երբ իշխանությունն իր ուզածը ստանա Սահմանադրական դատարանի հարցով, բնավ շահագրգռված չի լինելու սահմանադրական լուրջ փոփոխություններ կատարելու»: