Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Վերջին շրջանի դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում». Արցախի ՊԲ հրամանատար

319
Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 15:00
«Վերջին շրջանի դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում». Արցախի ՊԲ հրամանատար

Փետրվարի 15-ին ՊԲ շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին վերլուծության է ենթարկել կատարված դեպքերը, խոսել դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին:

«Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է: Չնայած ամենօրյա խիստ ռեժիմով մեր կողմից իրականացվող աշխատատանքներին, այդուհանդերձ, վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում»,- ասել է Կարեն Աբրահամյանը:

Բանակի հրամանատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց, իսկ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներին կոչ է արել, ցանկացած բնույթի իրավախախտում հայտնաբերելու դեպքում, լինել առավել հետևողական ու սկզբունքային՝ դեպքերի ծնող պատճառներն ու հանգամանքները ի հայտ բերելու գործընթացում: