Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

«Կա՞, եղե՞լ է մի դատավոր, որը բացահայտել է բանակում որևէ սպանություն». Կարինե Հարությունյան

254
Կիրակի, 16 փետրվարի, 2020 թ., 01:20
«Կա՞, եղե՞լ է մի դատավոր, որը բացահայտել է բանակում որևէ սպանություն». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի սպանեք զինվորին
Մարդը ի՞նչ դաստիարակություն պիտի ունենա, որ մարդ սպանի: Ի՞նչ են սովորում երեխաները մանկապարտեզում, դպրոցում, հեռուստաեթերից:
Կարծիքներ կան, թե բանակում ամենուր տեսախցիկներ պիտի տեղադրվեն: Գուցե սա կօգնի, կզսպի սպանության հանգեցնող քրեական/ոչ քրեական պոռթկումները, բայց չի կարող արմատից բռնել: Արմատը մարդու դաստիարակության մեջ է: Բոլոր բանակներում էլ սպանություններ լինում են, բայց թվի հարց կա, պատճառների հարց կա: Ունե՞նք ուսումնասիրություն, թե այդ սպանությունները, ինքնասպանության դրդումներն ինչի հետևանք են: Չունենք: Որովհետև նախ պիտի այդ դեպքերի անաչառ հետաքննություն լինի: Տարիներ շարունակ բազմաթիվ գործեր կոծկվել են: Եվ տարիներ շարունակ ասել են՝ բանակին չկպչեք, բանակին բան չասեք: Ու սրա տակ թաքցվել են սարսափելի հանցագործություններ և մարդու վրա ձեռք բարձրացնելու ունակ հրեշներ: Բանակային համակարգը պահում է իր արտոնյալներին: Կա՞, եղե՞լ է մի դատավոր այսքան ժամանակ, որը բացահայտել է բանակում որևէ սպանություն: Իրական բացահայտման մասին է խոսքը: Մի սպանություն, որն ինձ անհանգստացնում է ու որը դեռ չի բացահայտվել, կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունն է: 2015-ից մինչ այսօր դատ է ընթանում: Հինգ տարի: Խմբակային սպանություն է, որը գլխավոր դերակատարներ ունի: Ինչո՞ւ այն մինչ օրս չի բացահայտվում, դատավորը ո՞նց կարող է խաղալ երիտասարդ որդուն հողին հանձնած ծնողների զգացմունքների հետ: Որովհետև մեղադրյալներից մեկը բարձրաստիճան զինվորականի որդի՞ է: Քանի՞ այդպիսի սպանություն է եղել բանակում, երբ մեղավորը արտոնյալ է:
Հիմա՝ ո՞նց պիտի նոր իշխանությունը այս հարցը լուծի: Սա, հավանաբար, ամենադժվար հարցն է: Ղարաբաղյան հարցից էլ դժվար է: Երբ ժառանգում ես այլանդակ բարքերը խրախուսած ռեժիմի հետեւանքները, անելիքդ ավելի է ծանրանում:
Կարծում եմ՝ պետք է տարբեր հարթակներ, ֆորումներ ստեղծվեն՝ բանակում տիրող բարքերի շուրջ քննարկումների: Հեռուստատեսությունները տափակ սերիալների փոխարեն բանակային հարցերը պիտի քննարկեն, խաղաղ պայմաններում սպանվածների հարազատներին պիտի խոսք տան եթերով, նրանք պետք է խոսեն իրենց ապրումների մասին, նրանց պիտի հնարավորություն տրվի իրենց կարծիքը ասելու՝ սպանությունների պատճառների մասին: Հարցումներ լինեն, հոգեբանների աշխատանք.... Խոսքը, առողջ խոսքը, սթափեցնող խոսքը կաթիլի պես է, քար է ծակում: Կարող է գնալ, հասնել առանց աչքը թարթելու մարդու վրա ձեռք բարձրացնողի ականջին»: