Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

«Ցեղասպանությունը ճանաչելու համար շնորհակալ և երախտապարտ չի կարելի լինել». Արման Բաբաջանյան

140
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 20:10
«Ցեղասպանությունը ճանաչելու համար շնորհակալ և երախտապարտ չի կարելի լինել». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիրավորական է և նվաստացուցիչ:

Նախօրեին Սիրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ ՀՀ Ազգային ժողովը, ԱԳՆ-ը, այսօր էլ Ամենայն հայոց կաթողիկոսը, Արամ Ա-ն, գուցե էլի ոմանք, շնորհակալություն են հայտնել ու վստահաբար դեռ կհայտնեն Սիրիայի ժողովրդին, նախագահ Ասադին։

Հարգելիներ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելը յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության պարտքն է իր առաջ, սեփական պետության և քաղաքացիների առաջ։

Մարդկության դեմ իրագործված հանցագործության դատապարտման և ժխտողականության մերժման համար՝ մեր դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար, շնորհակալ և երախտապարտ չի կարելի լինել։

Եթե որևէ երկիր դա մինչ օրս չի արել, վկայում է այն մասին, որ քաղաքական շահը այդ երկրի համար շատ ավելի կարևոր է մնում, քան հավատարմությունը համամարդկային արժեքներին։

Որևէ երկրի խորհրդարանի կամ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Հայաստանից հղվող երախտիքի և շնորհակալության պաշտոնական նամակներն ու հայտարարությունները պետք է խստիվ արգելել»: