Երևան`   -1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.

«Եթե այսօր էլ վերադառնամ պաշտոնին, նորից թույլ չեմ տա պետության հաշվին մարդիկ գերշահույթ ստանան». Դավիթ Սանասարյան

139
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 16:50
«Եթե այսօր էլ վերադառնամ պաշտոնին, նորից թույլ չեմ տա պետության հաշվին մարդիկ գերշահույթ ստանան». Դավիթ Սանասարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ փետրվարի 14-ի նիստում Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների միջնորդությունը մերժելուց հետո, մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը հերթով ընթերցեց Դավիթ Սանասարյանի, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի և նրա ընկեր, «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանի մեղադրականները: Դատավոր Տիգրան Բալայանի հարցին՝ մեղադրանքի էությունը պա՞րզ է, Ս. Ադյանն ասաց, որ ինքը նախընտրում է մեկնաբանություն չանել: Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Այն, ինչ նշված է մեղադրական եզրակացության մեջ, չի համապատասխանում իրականությանը՝ առնվազն իմ մասով: Այս պահին ինձ մեղադրում են, որ ես իմանալով, որ իմ աշխատակիցը կապ ունի այդ ընկերության հետ, թույլ եմ տվել, որ իր շահերն առաջ տանի, սակայն ես տեղյակ չեմ եղել, որ նա շահեր ունի: Եթե այսօր էլ վերադառնամ պաշտոնին, նորից նույնը թույլ չեմ տա, որ պետության հաշվին մարդիկ գերշահույթ ստանան»,- ասաց Դ. Սանասարյանը:

Նա չհամաձայնեց դատախազ Գ. Սարգսյանի այն պնդմանը, թե իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում տուժողներ են եղել. «Գեթ մեկ դեպք չտեսանք, որ մեկը տուժել է ՊՎԾ միջնորդությունից»:

Դ. Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն ասաց, որ իր պաշտպանյալի գործողությունները հետապնդել են մենաշնորհի դեմ պայքարելու, պետական գնումների համակարգում 2,5 ագամ թանկ ապրանքների գնման դեմ պայքարելու նպատակ:

«Եթե ՊՎԾ որոշ աշխատակիցներ ՊՎԾ պետից ստացել են ինչ-որ հանձնարարություն և իրենց որոշ գործառույթներ չարաշահել են, դրանից նրա մեղադրանքը հիմնավոր չդարձավ»,- նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Այնուհետև դատավոր Տ. Բալայանը հայտարարեց, որ պետք է անցնեն ապացույցների հետազոտման փուլին:

Դատական հաջորդ նիստի օր ու ժամ նշանակվեց փետրվարի 27-ի՝ ժամը 10.30-ը: