Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

«Ով ձեզ հետ է, սուրբ է, ով ձեզ հետ չէ՝ հակապետակա՞ն». Մանե Թանդիլյան

275
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 22:35
«Ով ձեզ հետ է, սուրբ է, ով ձեզ հետ չէ՝ հակապետակա՞ն». Մանե Թանդիլյան

«Իշխանության մարտավարությունը որևէ մեկին քարկոծելն է, և երբ իր դիմաց չկա այդպիսի մեկը, իշխանական քարոզչամեքենան թուլանում է»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա նշել է, որ հանրաքվեի ամբողջ գործընթացն իրենք համարում են հակաիրավական և հակասահմանադրական, այդ պատճառով դրան չեն մասնակցելու. «Արդյոք նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները. մեր պատասխանն է՝ ոչ, և այդ միջոցին դիմելով՝ մենք շատ բան կքանդենք: Եթե ԲՀԿ-ն միանա մեզ, մենք այսօր էլ ստորագրահավաք կանենք ու կդիմենք ՍԴ-ին: Բայց ակնհայտ է, որ նրանք մեզ չեն միանա»,- ասել է պատգամավորը:

Ըստ Թանդիլյանի՝ ԲՀԿ-ն կաշկանդված է իր քաղաքական որոշումներում, քանի որ խոցելի է և կախյալ՝ ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի»:
«Սուպերվարչապետական համակարգը շարունակում է գոյություն ունենալ, անհրաժեշտ է փոխել ամբողջ փաստաթուղթը, ոչ թե ընդամենը մեկ հոդված: Մենք մեկ մարդու համար գնում ենք հանրաքվե անելու, Սահմանադրություն փոխելու»,- ասել է Թանդիլյանը:

Պատգամավորը կարծիք է հայտնել, որ իշխանության ցանկությունն այն էր, որ ԼՀԿ-ն ներգրավվի «Ոչ»-ի շտաբում, և իրենց խրտվիլակ թիրախ դարձնեն. «Մեր ժողովուրդն ավելի արագ համախմբվում է ընդդեմի, ոչ թե հանունի գաղափարի ներքո: Իշխանությունը հատում է բոլոր վտանգավոր գծերը: Եթե քեզ հետ չհամաձայնվողին համարում են հակապետական, լրջագույն հարված են հասցնում իրավունքի գերակայությանը և պետական շահին: Երկրի առաջին դեմքի շուրթերից հնչող նման արտահայտություններն անթույլատրելի և վտանգավոր են»,-ասել է Թանդիլյանը՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը բարոյազրկում է սեփական անցած ճանապարհը, քանի որ ԼՀԿ-ի հետ նույն դաշինքում է եղել:

«Ամբողջ իշխանական ապարատը մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանի համար հակաիրավական գործընթաց է սկսում՝ ժողովրդին էլ դրա մասը դարձնելով: Նա, ով ձեզ հետ է, անմե՞ղ է, դուք քավարա՞նն եք, մեղքերի թողությո՞ւն եք տվել նրանց: Ով ձեզ հետ է, սուրբ է, ով ձեզ հետ չէ՝ հակապետակա՞ն է»- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ով ձեզ հետ է, սուրբ է, ով ձեզ հետ չէ՝ հակապետակա՞ն». Մանե Թանդիլյան