Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելու համար պատիժը կխստացվի՝ ընդհուպ մինչև ազատազրկում

165
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 14:50
Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելու համար պատիժը կխստացվի՝ ընդհուպ մինչև ազատազրկում

«Անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այդպիսի գործողությունները սպառնում են երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ապրելու իրավունքին, հակասում են ընտանիքի ամրապնդման պետական քաղաքականությանը, ընտանիքի բոլոր անդամների փոխօգնության և միմյանց նկատմամբ ունեցած պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքներին»,- այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։

Ըստ այդմ՝ ԱՍՀ նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացում կատարել՝ ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար պատիժը խստացնելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ անձը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

Ավելի խիստ պատիժ է սահմանվում, եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով: Այդ դեպքում՝ անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա:

Իսկ, եթե հանցագրոծությունը կատարվի կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացնի տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա պատիժը կսահմանվի ազատազրկումը՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: