Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

«Նախկինները տանում էին, իրենց տանն էին տեղադրում. քննիչ հանձնաժողով ստեղծեիք». Իմքայլականը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

148
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 11:35
«Նախկինները տանում էին, իրենց տանն էին տեղադրում. քննիչ հանձնաժողով ստեղծեիք». Իմքայլականը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

«Նախկինները վերցնում էին, տանում էին սեփական տանն էին տեղադրում, քննիչ հանձնաժողով ստեղծեիք կամ օրենքի նախագծով հանդես գայիք». ԱԺ փետրվարի 12-ի նիստում, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հիշեցնելով նախկին գումարման պատգամավոր լինելը, ասաց «Իմ քայլից» Սոնա Ղազարյանը: Նա ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին խորհուրդ տվեց նախկինների արարքները չպրոյեկտել իրենց վրա:

Դիտարկումը հնչեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ: Նախագծով առաջարկվում է համայնքներին պարտադրել, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հրապարակել պաշտոնական համացանցային կայքում, դրա չլինելու դեպքում փակցնել համայնքապետարանում:

Ն. Զոհրաբյանն անպատասխան չթողեց դիտարկումը՝ նշելով, թե ովքեր իրեն դաս են տալիս, նրանց խորհուրդ է տալիս կարդալ Սահմանադրությունը, որտեղ նշված է, թե քննիչ հանձնաժողովները ո՞ր թվականից են ուժի մեջ մտել:

«Եվ երկորդ՝ երբ անընդհատ հիշեցնում են, թե Նոր Հայաստանում այլևս կոռուպցիոն դեպքեր չեն կարող լինել, ինձ հիշեցրեք՝ այս քանի օրը, որ անընդհատ բռնում են բարձրաստիճան պաշտոնայների, ո՞ր Հայաստանում է, ինձ թվում է՝ Նոր Հայաստանում է: Տիկին Ղազարյան, ժպտում եք, այդ ժպիտը Ձեզ սազում է, ժպտացեք»,- ասաց նա:

Քննարկմանը ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց. «Հաջորդ ԿՌԱԶ-ների ու ԲԵԼԱԶ-ների համար մենք այլևս կանխարգելում կունենանք: Կյանքը ցույց կտա օրենքի կենսունակությունը»: Ն. Զոհրաբյանն էլ նկատեց, որ տեղեկատվության տրամադրումը պետք է վերաբերի ոչ միայն դրամական, այլ բոլոր տեսակի նվիրատվություններին:

«Նախկինում ունեցել ենք նման պատմություն, որ նվիրատվություն արված տեխնիկան հայտնվել է այս կամ այն պաշտոնյայի դաչայում»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Համանման օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել նաև ԼՀԿ-ն: Նույն օրենքում փոփոխությամբ առաջարկվում է, որ 1 մլն դրամ և ավելի արժողության նվիրատվություններ և նվիրաբերություններ տալը հաստատի ավագանին:

«Իմ քայլից» Բաբկեն Թունյանը հարցրեց, թե ինչ նպատակ է հետապնդում ավագանիով հաստատումը: «Եթե նախորդ նախագիծը թափանցիկության հարց է լուծում, ապա այս նախագծի նպատակը ո՞րն է»:

Նախագծի հիմնական զեկուցող Անի Սամսոնյանը նկատեց, որ նախորդ օրինագծով նվիրատվության տեղեկատվության տեղադրումը թափանցիկության հարցը լուծում է պոստֆակտում: Այսինքն՝ գործ ունենք արդեն տեղի ունեցած գործարքի հետ, մինչդեռ տվյալ դեպքում գործարքը կարող է տեղի չունենալ, եթե ավագանին կոռուպցիոն ռիսկեր ու այլ խնդիրներ տեսնի ու չհաստատի նվիրատվության հարցը: