Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հույս ունեմ, որ Թորոսյանը կբացատրի, թե ինչո՞վ է պայմանավորված իր այս որոշումը». Դանիել Իոաննիսյան

272
Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ., 00:15
«Հույս ունեմ, որ Թորոսյանը կբացատրի, թե ինչո՞վ է պայմանավորված իր այս որոշումը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հովանավորչությու՞ն

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ընտրվեց իմ ընկեր Վիլեն Գաբրիելյանը, որը, ինչքան գիտեմ, ունի մի քանի տարվա դեղագործական փորձ հեռավոր գյուղում, երբեք չի զբաղվել դեղագործական քաղաքականությամբ, չունի գիտական աստիճան:

Նույն տեղի համար մրցում էր մորաքույրս՝ Իրինա Ղազարյանը, ով՝

  • 1992-ին մասնակցել է այդ կենտրոնի հիմնադրմանը և 4 տարի եղել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի տեղակալը,
  • Հիմնել և 18 տարի ղեկավարել է Առողջապահության ազգային ինստիտուտի Դեղագործության ամբիոնը,
  • Հեղինակել է 22 զեկույց 11 միջազգային գիտաժողովում և 130 տպագրված գիտական աշխատանք,
  • Դեղագործական գիտությունների թեկնածու է (Ռուսաստան),
  • Դեղագործական ծառայությունների և դեղերի հսկողության մագիստրոսի կոչում է ստացել Բրադֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա),
  • Առողջապահական քաղաքականության և մենեջմենթի մագիստրոսի կոչում է ստացել Հարավային Մեյնի համալսարանում (ԱՄՆ),
  • Եղել է ԱՄՆ կառավարության «Ֆուլբրայթ» կրթաթոշակի դափնեկիր,
  • 2 անգամ եղել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ժամանակավոր փորձագետ,
  • Դասավանդում է Հերացու անվան Բժշկական համալսարանում և եղել է երկու թեկնածուական թեզերի գիտական ղեկավար,
  • Թրեյնինգներն ու տարբեր երկրներում ոլորտի կարգավորման փորձի փոխանակումները հաշվել չի լինի, իսկ բարեխղճությունը երբեք որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել:

Թե՛ Իրինա Ղազարյանը, թե՛ Վիլեն Գաբրիելյանը հաղթահարեցին հանձնաժողովի փուլը, բայց իմ մեկ այլ հին ընկեր Արսեն Թորոսյանի ընտրությունը կանգնեց ՔՊ վարչության անդամի վրա՝ ի հեճուկս պրոֆեսիոնալիզմի ու փորձի ակնհայտ տարբերության:

Հույս ունեմ, որ նախարար Թորոսյանը հանրությանը (ինձ չէ, ես գիտեմ) կբացատրի, թե ինչո՞վ է պայմանավորված իր այս որոշումը և արդյո՞ք դա իր սուվերեն որոշումն է:

Հ.Գ. Ճիշտն ասած, քանի որ Ղազարյան Իրինան մորաքույրս է, մտածում էի չգրել Բայց որ չգրեի, դա էլ կլիներ կոռուպցիայի քողարկում, ինչին ես պատրաստ չեմ: Կներեք, մեղավոր չեմ, որ մորաքույրս է»: