Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հասմիկ Պապյանն ու Ալեքսանդր Քանանյանն այս շաբաթների իմ հերոսներն են». Հ. Մարտիրոսյան

385
Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 02:05
«Հասմիկ Պապյանն ու Ալեքսանդր Քանանյանն այս շաբաթների իմ հերոսներն են». Հ. Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ դարձյալ Հայաստանում հին, բարի ավանդույթի համաձայն փոքրիկ թվացող, բայց նշանակությամբ կարևորագույն ազգային հարցերի լուծումը մնում է առանձին նվիրյալ անհատների ուսերին: Եվ դարձյալ պետությունը բացակա է: Բացակա է ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք և իհարկե, Սերժ Սարգսյանի օրոք: Դժվար է ասել, թե խորքային, սկզբունքային հարցերում և ազգայինը, ազգային արժանապատվությունն ու բարեկեցությունը պաշտպանելու հարցում ինչ է փոխվել Հայաստանում: Թերևս՝ ոչինչ:

Առավելաբար և գերազանցապես Հասմիկ Պապյանի եռանդուն և անչափ ակտիվ ջանքերի շնորհիվ Ռուզան Մանթաշյանի հայկական ազգային արժանապատվությունը պաշտպանվեց: Պաշտպանվեց ոչ թե այն պատճառով, որ հայկական պետությունն ու նրա դիվանագիտությունը պետական մակարդակով միջամտեցին՝ դիտարկելով դա ատելության և ռասիզմի դրսևորում հայության դեմ, այլ որովհետև մի անհատ, թեկուզև միջազգային մեծության՝ իր վրա ստանձնեց Հայաստանի խրոխտ, բայց վախկոտ արտգործնախարարության դերը և հաղթանակ ապահովեց:

Մյուս կողմից՝ իմ գործընկեր Ալեքսանդր Քանանյանը, որ Հայաստան է տեղափոխվել դրսից և նվիրմամբ ապրում է Քարվաճառում՝ բնապահպանական պայքար է սկսել Ստեփանակերտի վարչախմբի դեմ՝ պահանջելով վերջ տալ Արցախի ջրային ռեսուրսների ադրբեջանավարի ոչնչացմանը: Եվ իր հացադուլով Քանանյանին արդեն հաջողվել է հանրայնացնել այդ խնդիրը: Ու դարձյալ պետությունը բացակա է: Բացակա է այնտեղ, որտեղ սեփական անվտանգության բացարձակ խնդիր կա:

Այդպես էր և ապրիլյանի օրերին: Չնայած երկրի ամենավերին օղակներում պետական դավաճանության բոլոր առկա ախտանիշներին, ապրիլյանում հնարավոր եղավ խուսափել լայնամասշտաբ պարտությունից միայն ու միայն այն անհատ պատանիների ինքնազոհաբերության և նվիրման շնորհիվ, որ ի հեճուկս պետության բացակայության՝ մնացին դիրքերում, անհավատալի և բացառիկ հերոսականությամբ կռվեցին մինչև վերջին փամփուշտը և կամ թշնամու հետ պայթեցրեցին իրենց:

Բայց այս ամենը հպարտության առիթ չէ միայն, որ պետք է լինի: Սրանում ամոթի հանգամանքի մի մեծ բաժին կա: Պետությունը, որ կարևորագույն հարցերում բացառիկ անհատների նվիրվածության և ջանքերի շնորհիվ է գործում, չի կարող երկար գոյատևել: Զարգանալ՝ առավել ևս: Յուրաքանչյուրն իր գործը պետք է անի, և այդ բացառիկ անհատների բացառիկ ձիրքը, նվիրումն ու աշխատանքը պետք է կիրառվեն պետության ակտիվ գործունեության համատեքստում և ո՛չ դրա բացակայության պայմաններում, երբ պետության պարտականություններն ինքնապատվիրակվում են այդ անհատներին:

Հասմիկ Պապյանն ու Ալեքսանդր Քանանյանն այս շաբաթների իմ հերոսներն են: Իսկ որտե՞ղ են մեր «հեղափոխության» հերոսները: Որտե՞ղ է մեր բոլորի հեղափոխությունն՝ ընդհանրապես»: