Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Երկխոսություն է մեկնարկել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև». Արտակ Բեգլարյան

288
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 12:20
«Երկխոսություն է մեկնարկել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև». Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ միջնորդությամբ երկխոսություն է մեկնարկել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև, ով երեկ հացադուլ է սկսել Շահումյանի (Քարվաճառի) շրջանի ՀԷԿ-երի շինարարական աշխատանքների դադարեցման ու ընդհանրապես ՀԷԿ-երի հանդեպ վերահսկողության բարձրացման պահանջներով:
Կառավարությունից ինձ հավաստիացրել են, որ արդեն դադարեցված են շինարարական աշխատանքները, և կառավարությունը պատրաստ է կառուցողական քննարկումների ու համագործակցության:
Ես էլ պատրաստ եմ հնարավորինս նպաստել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև կառուցողական երկխոսության կայացմանը՝ հույսով, որ դա կհանգեցնի Ա. Քանանյանի հացադուլի դադարեցմանը, քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացմանը, բնապահպանական հարցերում հանրային ու պետական վերահսկողության և էներգետիկայի համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Նաև առողջապահության նախարարությանը տեղեկացրել եմ Ա. Քանանյանի հացադուլի մասին՝ խնդրելով պատշաճ ուշադրության տակ պահել նրա առողջությունը: Բժիշկն արդեն այցելել է նրան, կատարել համապատասխան զննություններ և արձանագրել, որ դեռևս որևէ խնդիր չկա այդ առումով:
Հ. Գ. Քարվաճառի դպրոցականներին եղբայրաբար հորդորում եմ իրենց պահանջները հնչեցնելու նպատակով զերծ մնալ դասադուլ կազմակերպելուց. ձեր կրթությունը կարևոր արժեք է բոլորիս համար, սիրելի՛ երեխաներ»: