Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանը մարդ սպանող, ոչնչացնող տեսակ չէ». Արամ Զ. Սարգսյան

277
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 23:35
«Փաշինյանը մարդ սպանող, ոչնչացնող տեսակ չէ». Արամ Զ. Սարգսյան

168 TV-ի եթերում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն, անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող անձանց մասին օրենքին, ասել է. որ օրենքի վերաբերյալ, բացի պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներից, որևէ այլ խորքային մոտեցում չի լսել. «Կալանավայրերում տեղի ունեցող գործընթացները երբեմն դուրս են գալիս վերահսկողությունից, մենք պետք է հաշվի առնենք այն, որ այդ մարդիկ նույնպես մարդիկ են, և այստեղ չարաշահումներ չպետք է լինեն, առավելևս՝ չպետք է բանը հասնի նրան, որ գործի դնեն ներքին զորքերը։ Այն օրենքին, որն այսօր ընդունվել է, մենք պետք է գնայինք մշակութային դաստիարակությամբ, բանտային համակարգի վրա պետք էր անել ներդրումներ, ծախսեր։ Այդ օրենքը, այո՛, պետք է ընդունվեր, բայց այն ժամանակ, երբ կարգավորվեին իմ թվարկած խնդիրները և, օրինակ, կալանավորին սպասարկող քաղաքացիական և զինվորական անձանց համար կարողանային ապահովել բարձր աշխատավարձ, ոչ թե 60-80 հազար դրամ ստացող դռնապան ունենան ու նման օրենք ընդունեն։ Այս օրենքը որևէ կերպ չի ազդելու, որ կալանավայրում «զոն նայողը» չլինի, և առանց նրա ու պետական մասնակցությամբ կարգ ու կանոն կալանավայրերում չի կարող հաստատվել»,- ասել է Արամ Սարգսյանը։

Խոսելով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան և Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ արձանագրված՝ Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանության միջև անցկացվող համեմատականների մասին՝ Արամ Սարգսյանն ասել է.

«Էս իշխանությունը Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության շարունակությունը չեմ համարում։ Մարդկային կերպի և աշխարհաքաղաքական ընկալման առումով Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակ տարբեր լիդերներ են, և, բնականաբար, Փաշինյանը նրա գիծը չի շարունակում։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի ղեկավարման ժամանակ տեղի ունեցած սպանություններին, ապա այն ժամանակ անցումային ժամանակաշրջան էր, մարդիկ կային, որոնք շատ արագ ունեզրկվում էին, առաջանում էին խնդիրներ, իսկ դրանք փորձում էին լուծել սպանությունների միջոցով։ Սպանություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, բայց ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք։ Ես երբեք որևէ առաջին դեմքի մասին նման բան չեմ ասել։ Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ կարող եմ ասել, որ նա այդ մարդկային կերպը չէ, նա մարդ սպանող, ոչնչացնող տեսակ չէ, չի՛ կարող էդպիսի բան անել Նիկոլ Փաշինյանը, և սա իմ դիտարկումն է՝ հոգեբանական, քաղաքական և մարդկային առումներով»,- ասել է Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ շատ սխալ են արել՝ ինչպես նախկինում, երբ որևէ սպանության վերաբերյալ սլաքներն ուղղել են օրվա իշխանությունների ուղղությամբ, սխալ են անում նաև հիմա, երբ Կուտոյանի մահվան հետ կապված սլաքներ են ուղղում գործող իշխանությունների ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փաշինյանը մարդ սպանող, ոչնչացնող տեսակ չէ». Արամ Զ. Սարգսյան