Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սա ոտնձգություն է Հայաստանի դատական համակարգի նկատմամբ». Արման Բաբաջանյան

412
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 14:45
«Սա ոտնձգություն է Հայաստանի դատական համակարգի նկատմամբ». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց է արձակվել, ինչի առթիվ դատավորը դիմել է ոստիկանությանը: Դեպքի վայր մեկնած ոստիկաններն աշխատասենյակի ապակիների արանքում հայտնաբերել են կրակված գնդակ: Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Խստորեն դատապարտում եմ դատավորի նկատմամբ տեղի ունեցած նման անթույլատրելի ոտնձգությունը: Իրավապահ մարմինները պարտավոր են բացահայտել կատարվածը, դրա բոլոր դրդապատճառներն ու շարժառիթները և հանցագործին կամ հանցագործներին ենթակել խստագույն պատասխանատվության:

Սա ոտնձգություն է ոչ միայն ու ոչ այնքան առանձին վերցրած դատավորի, որքան Հայաստանի դատական համակարգի, արդարադատության գաղափարի նկատմամբ ընդհանրապես: Պետությունը պարտավոր է խստագույն քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցածին՝ ուղերձ հղելով առ այն, որ դատական համակարգն ամբողջության մեջ և դատավորներն անհատապես գտնվում են պետության պաշտպանության ներքո:

Որպես Ազգային ժողովի պատգամավոր հետամուտ եմ լինելու կատարված հանցագործության լիրարժեք բացահայտմանն ու դրա հեղինակներին պատասխանատվության կանչելուն:

Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է անկախ դատական համակարգ: Սակայն դատական համակարգը չի կարող անկախ և անկաշկանդ գործել, եթե ապահովված չեն դատավորների տարրական ֆիզիկական անվտնագության պայմանները»: