Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վարչապետը կզգա այս ամենի քաղաքական հետևանքները». Էդմոն Մարուքյան

289
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 14:05
«Վարչապետը կզգա այս ամենի քաղաքական հետևանքները». Էդմոն Մարուքյան

«Իշխանությունը վախենում է, որովհետև կան կասկածներ, և դրանք փոխանակ փարատեն, այդ կասկածները խորացնում են: Այս գլուխը կորցրած վիճակը որևէ լավ բանի չի բերելու: Ժողովուրդը պետք է իմանա, որ իրենց վստահությունն այսօր մսխվում է այս մարդկանց կողմից: Մարդիկ կան, որ գլուխները կորցրած գնում են, անգլուխ ձիավորի պես գնում են, չգիտեն՝ ուր են գնում: Տղաներ և աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, այսօր կաք, վաղը չկաք: Այն վստահությունը, որ ունեք, այն բացարձակ չէ, դա չի նշանակում, որ դուք պետք է դրանից Ձեր չափը չճանաչեք». հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա ասուլիս էր հրավիրել այն բանից հետո, երբ ԱԺ-ն մերժեց Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու ԼՀԿ-ի նախաձեռնությունը:

Ըստ Է. Մարուքյանի՝ երկրում անլրջության շքերթ է՝ Լիլիթ Մակունցը նախորդ օրը հայտարարում է, որ դեմ են քվեարկելու, հաջորդ օրն ասում է, որ չեն մասնակցելու քվերարկությանը: «ԱԺ նախագահն այս քանի օրը նոր իմացել է, որ կանոնակարգ-օրենքով իրավունք ունի սանկցիաներ կիրառել: Եվ սկսել է կիրառել, բայց կիրառում է միակողմանի՝ միայն իրենց քննադատող, իրենց հետ համաձայն չլինող մարդկանց: Երբ մարդիկ լկտի համեմատություններ են անում, մեզ համեմատում են ձիու հետ, սանկցիաներ չի կիրառում»,- նկատեց Է. Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը մեջբերեց անգլիական մի ասացվածք, թե «ձիերին կարելի է տանել առվի մոտ, բայց չի կարելի ստիպել ջուր խմել»: ԱԺ նախագահն էլ դրան այսպես էր արձագանքել. «Այդ համեմատությունը Ձեզ պատիվ չի բերում»:

Է. Մարուքյանը պնդեց. «Այս ամենի քաղաքական ողջ պատասխանատվությունը կրում է վարչապետը, և այդ ամեն ինչի քաղաքական հետևանքները կզգա նաև ինքը»:

Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի ոմանց այն պնդմանը, թե իշխանությունն իրենց մեղադրում է ընդդիմություն խաղալու մեջ, խմբակցության ղեկավարը դա աբսուրդ որակեց: