Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

««Լուսավոր Հայաստանի» շոուն չստացվեց». Արթուր Հովհաննիսյան

359
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 11:30
««Լուսավոր Հայաստանի» շոուն չստացվեց». Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Լուսավոր Հայաստան»-ի ՇՈՈՒՆ չստացվեց. համառոտ ներկայացնեմ ՇՈՈՒ-ի սցենարը...

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանն ու Դավիթ Խաժակյանը դեռ դեկտեմբերին հայտարարեցին, որ կասկածներ ունեն, թե Երևանի քաղաքապետարանին աղբատար ավտոմեքենաների նվիրատվության գործընթացում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, և ավելին, որ մեքենաների փոխարեն քաղաքապետարանում փողն են վերցրել։

Այնուհետև, քաղաքապետարանը պահանջեց կամ ներկայացնել փաստեր կամ հերքել տեղեկատվությունը, քանի որ այն ոտքից գլուխ կեղծ է։

Մինչ օրս որևէ փաստ չի ներկայացվել, հերքում չի տարածվել։

Ավելին՝ հունվարի 21-ին ՀՀ դատախազությունը հայտարարություն է տարածում այն մասին, որ Երևանին նվիրաբերություններ կատարելը ՔՕ օրենքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում։

Այսինքն՝ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչների տարածած տեղեկատվությունը ոչ միայն չհաստատվեց, այլև հերքվեց ՀՀ դատախազության կողմից։

Բայց սա չի խանգարում նրանց ԱԺ բերել այս փաստերն ստուգելու համար Քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Ստուգելու համար փաստեր, որոնք հենց իրենք են դաշտ նետել՝ ունենալով 0 ապացույց։

Ի՞նչ է սա, եթե ոչ ՇՈՈՒ կազմակերպելու փորձ։ Էլ չեմ խոսում իրավական կողմերի մասին, էլ չեմ խոսում նրա մասին, որ տվյալ քննիչ հանձնաժողովը պետք է գլխավորեր մի մարդ, ով իր ելույթում դեռ ոչինչ չքննած հասցրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությանն անվանել անկարող, իսկ նվիրատվություն ստացողներին՝ կոռուպցիոներ։

Կարճ ասած՝ մեր խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սցենարական տաղանդով միմյանց ոչնչով չեն զիջում:

Հ․ Գ․ Այնուամենայնիվ, այսքանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որ պատրաստ է ավագանու լիազորությունների շրջանակում ստեղծել նման քննիչ հանձնաժողով։

Իմ գնահատմամբ քննիչ հանձնաժողով ստեղծելու որևէ հիմք չկա։ Շոուն չստացվեց, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց բեմադրությանը»։