Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը բացի ֆեյսբուքյան ստատուսներից ուրիշ բան գրելու ունակ չէ». Անի Սամսոնյան

320
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 16:45
«Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը բացի ֆեյսբուքյան ստատուսներից ուրիշ բան գրելու ունակ չէ». Անի Սամսոնյան

«Ինչո՞ւ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս ավագանին, երբ օրենքով այդ ինստիտուտին նման լիազորություն տրվել է». հունվարի 21-ի նիստում ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին դիմեց «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանը՝ Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ:

Ա. Սամսոնյանն ասաց, որ Երևանի ավագանին չունի անհրաժեշտ կարողություններ և կամք՝ լիարժեք վերահսկողություն իրականացնելու քաղաքապետի գործունեության վրա: Ավագանին չունի պատշաճ մակարդակ՝ քննարկելու այն հարցերը, որոնք վերաբերում են կոռուպցիային:

«Ես բարձր կարծիք չունեմ Երևանի ավագանու մասին, և այս հարցը վստահել Երևանի ավագանու կամքին կամ ցանկությանը, չեմ պատրաստվում»,- նշեց Ա. Սամսոնյանը:

Գ. Աբրահամյանը նկատեց, թե փաստորեն ԼՀԿ-ն «Լույս» խմբակցությանը չի վստահում: Ա. Սամսոնյանն էլ իր հերթին նկատեց, որ ինքը լիովին վստահում է «Լույս» խմբակցությանը, և այլոց էլ վստահելու կոչ է անում, որովհետև եթե այն չլիներ, չէինք իմանալու քաղաքապետարանի գործարքների մասին: Նա իր գործընկերոջը խորհուրդ տվեց ընդունել, որ քաղաքապետարանը թափանցիկ չի եղել:

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը բացի ֆեյսբուքյան ստատուսներից ուրիշ բան գրելու ունակ չէ: Ես վստահում եմ «Իմ քայլի» խորհրդարանական խմբակցությանը, բայց չեմ վստահում «Իմ քայլի» ավագանու խմբակցությանը»,- հայտարարեց Անի Սամսոնյանը:

Նույնաբովանդակ էր «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանի դիտարկումը, թե հանձնաժողովի ստեղծմամբ խորհրդարանը մխրճվելու է ՏԻՄ լիազորությունների մեջ: Դրան ի պատասխան Ա. Սամսոնյանը նկատեց. «Եթե դուք պնդում եք, որ մխրճվում ենք ՏԻՄ տիրույթ, ապա լավ կլինի, որ գնահատական տաք նրան, որ անցյալ տարի վարչապետի վերահսկողական ծառայությունը գնացել էր և մտել էր համայնքներ և ստուգումներ էր անում: ՊՎԾ-ն չունի համայնքներ մտնելու և ստուգումներ կիրառելու գործառույթ»:

ԼՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ փորձագիտական եզրակացությամբ նախագիծը սահմանադրական է ճանաչվել: Ա. Սամսոնյանը նշեց՝ կա կասկած, որ համայնքին գույք նվիրելու գործելակերպը կարող է անհավասար պայմաններ ստեղծել տնտեսվարող սուբյեկտների միջև:

Հիշեցնենք, որ տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից քաղաքապետարանին կմունալ տեխնիկա նվիրելը մեծ աղմուկ հանեց: Նշվում էր, որ նվիրատվության դիմաց տնտեսվարողները շինթույլտվություններ կամ ինքնակամ շինությունների օրինականացման որոշումներ էին ստացել: Նվիրատուների մեջ էր նաև Սամվել Ալեքսանյանը: