Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հապաղելը նոր մարդկանց մահվան պատճառ կդառնա». Մարի Բարսեղյան-Խանջյան

296
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 15:45
«Հապաղելը նոր մարդկանց մահվան պատճառ կդառնա». Մարի Բարսեղյան-Խանջյան

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հապաղելը նոր մարդկանց մահվան պատճառ կդառնա.

Այո՛, Հայաստանում որոշակի ուժեր չեն հասկանում ներքաղաքական այս լարվածության ծանր հետևանքները ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին քաղաքական դաշտում:
Գեորգի Կուտոյանի սպանությունը, թեև պաշտոնապես կարծես արդեն հաստատեցին, որ ինքնասպանություն է եղել, համենայն դեպս սա հաջորդն էր և նույնպես՝ քաղաքական:
Պատկերացնո՞ւմ եք, թե այս սպանված նախկին պաշտոնյաները որքան վտանգ են ներկայացնում այն ուժերին, որ նրանք ամբողջ հզորությամբ գործի են դրել իրենց մարդասպանական հզոր մեքենան: Այդ ուժերը փորձում են վախի մթնոլորտ ստեղծել հանրապետությունում այն մարդկանց շրջապատում, ովքեր որոշակի պատասխանատու պաշտոն են զբաղեցրել նախկին նախագահների պաշտոնավարման ժամանակ և պաշտոնապես տեղեկացված են եղել անօրինական անցուդարձին...երեխային էլ դա պարզ է:
Այս մարդասպանություններն սկսվել են 90-ական թվականներից, շարունակվել են 2-րդ և 3-րդ նախագահների ժամանակ և շարունակվում են այսօր՝ իրենց արյունոտ հետքերը նոր արյունով կոծկելու միջոցով:
Արյունոտ և փողոտ ձեռքեր ունեցող այն մարդիկ, ովքեր եթե երբևէ մտահոգ են եղել Հայաստանի արտաքին քաղաքական ճակատագրով, գոնե մի քիչ պիտի հասկանային, որ աշխարհը օրերի և ժամերի ընթացքում փոխվում է. քաղաքական քարտեզներ են պատառոտվում, ամեն երկիր իր շահն ու օգուտն է ուզում պոկել ուրիշներից, մինչդեռ մենք դարձյալ քաղաքականությունից դուրս ենք մնացել, իսկ մեր փոխարեն այլ քաղաքական խաղացողներ պարբերաբար թռել են մեր գլխի վրայից և լուծել են իրենց խնդիրները՝ մշտապես ի վնաս մեզ:
Այս և գալիք տարի լրանում են Հայոց հողերի հետ առնչվող միջազգային իրավունքի քաղաքական փաստաթղթերի՝ Վուդրո Վիլսոնի մշակած Իրավարար վճռի ու Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակները, իսկ որոշ քաղաքականապես անհեռատես մարդիկ ներսում քայքայում են երկիրը և նրա հեղինակությունը ոտնահարում արտաքին աշխարհի առաջ...Քաղաքական անկայուն պետության հետ ոչ մի պետությաւն կամ միջազգային կազմակերպություն հաշվի չի նստում...»:
Հորդորս է վարչապետին և նրա ղեկավարած Կառավարությանը, Ազգային ժողովին և նրա նախագահին, իրավապահ մարմիններին՝
Զգաստացե՛ք. մենք կարող ենք կորցնել մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ անդառնալիորեն, եթե երկրում չվերահսկվի և չկանխվի սպանությունների կամ ինքնասպանությունների դրդման շարքը, օրինականությունը ոտնահարող ուժայինների թերացումները և իրավապահ համակարգի սաբոտաժը:
Ուզում եմ հիշեցնել հեղափոխություն բառի իմաստը. «Հեղել» նշանակում է դեն գցել, հեռացնել և հետո «փոխել» նորով:
Մեզ դեռ թավիշը չի հասնում. թավիշը ճոխ, ապահով ու գեղեցիկ ապրելու վկան է, մի բան, որ մեր ժողովուրդը վերջին 30 տարիներին ապրել է փուշ ու տատասկի մեջ ,և հիմա այդ թավիշը բզկտում և պատառոտում են նույն այն մարդիկ, ովքեր երկրում փուշ ու տատասկ են ցանել ու աճեցրել…
Մաքրենք ու թափենք, այրենք այդ փուշ ու տատասկը, որ հետո հանգիստ վայելենք Թավիշը:
Պարո՛ն վարչապետ, Ձեր հապաղելը իրավական դաշտում կտրուկ փոխություններ անելու հարցում կարող է շատ կյանքեր խլել, որոնք կդառնան նոր և չարդարացված զոհեր, որոնք իրենց տեղեկացվածությամբ կարող են նախկին իշխանության հակապետական և հակաժողովրդական գործողությունների հանցակազմը բացահայտել:
Մենք հապաղելու ժամակակ և բարոյական իրավունք չունենք…»: