Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մակունցը՝ սուպերվարչապետական համակարգի մասին

252
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 17:45
Մակունցը՝ սուպերվարչապետական համակարգի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ժամանակի սղության պատճառով այսօր ճեպազրույցի ընթացքում հնարավոր չեղավ ամբողջությամբ ներկայացնել իմ տեսակետը սուպերվարչապետության վերաբերյալ, լրացուցիչ մեկնաբանություններս շարադրեմ այստեղ:

Սուպերվարչապետական համակարգն իմ պատկերացմամբ այն է, երբ վարչապետը միանձնյա իր ձեռքն է վերցնում պետական կառավարման համակարգն իր բոլոր ճյուղերով։ Երբ ՏԻՄ-ը ձևավորվում է հստակ ցուցումներով, երբ ԱԺ-ն կառավարության որևէ օրենսդրական նախաձեռնություն չի համարձակվում մերժել, երբ պետական գրեթե բոլոր ինստիտուտների նկատմամբ իրականացվում է տոտալ վերահսկողություն՝ սահմանափակելով իրապես ինքնուրույն գործելու նրանց սահմանադրական իրավունքը, երբ անգամ ընդդիմությունը շատ դեպքերում ձևավորվում էր ոչ թե ժողովրդի կամքով, այլ գիտենք՝ ինչպես։

Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես և ամեն ինչ կարգավորվի։ Սուպերվարչապետությունը բազմաշերտ՝ սոցիալ-հոգեբանական, իրավական, արժեքային մի ամբողջ համակարգ է, որը փոխելու համար ամեն օր պետք է ներդնել մտածողություն, արժեքներ, քաղաքական կամք և անշուշտ իրավական գործիքակազմ։ Անհրաժեշտ է համալիր, հետևողական մոտեցում»։