Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Զերծ մնացեք պարտադիր ժամկետային զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց». Տիգրան Աբրահամյան

259
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 13:25
«Զերծ մնացեք պարտադիր ժամկետային զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ժամկետային զինծառայողներին թույլատրվեց ծառայության ընթացքում անձնական հեռախոսներն ունենալ, այդ մասին տարբեր քննարկումներ եղան: Դեռ այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը կարգ սահմանեց, որը հստակ սահմանում էր հեռախոսների կիրառման ժամանակահատվածը, դրա սահմանափակումները և այլն:

Սակայն սմարտֆոնների կիրառումը մնում է արգելված՝ անվտանգության տեսանկյունից դրանց խոցելիության հանգամանքը հաշվի առնելով: Չնայած դրան՝ զինված ուժերում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների մոտ սմարտֆոններ են հայտնաբերվում, ինչից հետո սպաները, սահմանված կարգով, արձանագրում են, իսկ հետո հետ հանձնում զինծառայողի ծնողներին:

Այս թեմային, գուցե, այդքան մանրամասն չանդրադառնայի, եթե կարգի խախտումները տեղեկատվական անվտանգության, իսկ որոշ դեպքերում՝ ավելի լուրջ հետևանքերով սպառնալիքներ չպարունակեին:

Միանգամից պետք է արձանագրեմ, որ անհատական հեռախոսների կրման հետ կապված կարգը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բավականին բարդ է վերահսկել, իսկ սմարտֆոնների գործածությունն էապես մեծացնում է առանց այդ էլ առկա սպառնալիքները:

Այս հարցը, անվտանգության առումով, շատ կարևոր եմ համարում, և անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի սահմանված կարգը մի կողմից մատչելի լինի, մյուս կողմից՝ հեռախոսների օգտագործման կարգի խախտումները կտրուկ խստացվի: Չթույլատրվող սմարտֆոնների դեպքում, առավել ևս, կարելի է քննարկել նույնիսկ քրեական պատասխանատվության հարցը:

Կրկնում եմ՝ ի սկզբանե թույլատրվել են այն հեռախոսները, որոնք լուսանկարելու, տեսանկարելու, համացանցային կապից օգտվելու հնարավորություն չեն ընձեռում: Իսկ սմարթֆոնների հայտաբերման դեպքերը քիչ չեն՝ չնայած դրանք այսօր էլ արգելված են։

Ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ զինծառայողները մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների համար առաջնային թիրախներից են, իսկ նրանց ներկայացվածությունը սոցիալական ցանցերում հնարավորություն է տալիս հակառակորդին հեշտորեն հետևելու ինչպես նրանց շարժին, այնպես էլ, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ մեր զինված ուժերի գործունեության այնպիսի մանրամասների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն:

Սոցիալական ցանցերում ոչ միայն զինծառայողներն են հակառակորդի կողմից մշտադիտարկման ենթարկվում, այլև, որոշակի դեպքերում, նրանց ընտանիքի անդամները, հարազատները, որոնք, սովորաբար, զինված ուժերին վերաբերող տեղեկատվությամբ են կիսվում:

Քիչ չեն դեպքերը, երբ հայկական անուն-ազգանուն կրող անձնական հաշիվներով, տարբեր շարժառիթներով, հակառակորդի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փորձում են կապ հաստատել իրենց հետաքրքրության դաշտում հայտնվածների հետ:

Մեթոդներն ու ձևերն այնպիսին են, որ ոչ միշտ է հաջողվում կռահել, որ դիմացինդ ոչ թե սրտացավ հայրենակից է, այլ հակառակորդի հատուկ ծառայության ներկայացուցիչ: Խնդրանքս է մեր քաղաքացիներին զերծ մնալ հատկապես պարտադիր ժամկետային զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց: Դրանով դուք վտանգում եք նրանց անվտանգությունը և մեծ ռիսկեր ստեղծում մեր ընդհանուր անվտանգային միջավայրի համար»: