Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Արմեն Հովհաննիսյանի շնորհիվ 15 զինվորի մայր սև չհագավ, բայց իր մայրը հագավ». Կարեն Հովհաննիսյան

327
Կիրակի, 19 հունվարի, 2020 թ., 22:30
«Արմեն Հովհաննիսյանի շնորհիվ 15 զինվորի մայր սև չհագավ, բայց իր մայրը հագավ». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2014-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշեր... Թշնամին նպատակ էր դրել առավելագույնը գրավել հայկական մեկ մարտական դիրք, իսկ նվազագույնը՝ սպանել մարտական հերթապահությունից հանգստացող մարտական դիրքի բոլոր զինվորներին...
Հունվարի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, դիրքի շունը սկսում է անկանոն այս ու այն կողմ վազել, դա նկատում է դիրքի ավագ Արմեն Հովհաննիսյանը, փորձում է հանգստացնել շանը, միաժամանակ մթության մեջ ուշի-ուշով զննելով շրջապատը...
Մոտ 15 րոպեից դիրք ներխուժած մեծաքանակ դիվերսիոն խումբը, շան վրա կրակելով, առաջ է շարժվում դեպի մարտական կացարան, որտեղ հանգստանում էին մարտական հերթապահությունը հանձնած դիրքապահ տղերքը: Սակայն փորձառու դիվերսիոն խումբն անակնկալ հայտնվում է Արմենի թիրախում և սկսվում է մերձամարտ, ընդամենը 10-15 մետր հեռավորությունից սկսվում են կրակոցները: Արմենը ծանր վիրավորվում է, սակայն չի ընկրկում և փորձում է կրակը վերցնել իր վրա՝ այդպիսով ընկերներին ժամանակ տալով դիրքավորվել և հետ մղել թշնամուն: Դիվերսիոն խումբը, տեսնելով, որ այլևս չի կարողանում դիմադրել, Արմենի և մարտական կացարանի ճաշարանի ուղղությամբ օգտագործում է բեկորային զինատեսակ, մտածելով, որ ճաշարանը մարտական կացարանն է, քանի որ այնտեղ լույս էր վառվում...
Արմեն Հովհաննսիյանը սեփական կյանքով փրկեց առնվազն 15 զինվորի կյանք, 15 զինվորի մայր սև չհագան, բայց իր մայրը հագավ... Հերոս Արմեն Հովհաննիսյանը Եռաբլուրում է, նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով... Արմենի այս սխրագործության մասին անձամբ լսել եմ իր ծառայակից ընկերներից և հրամանատարներից, ովքեր Արմենի մասին խոսում էին խորն ակնածանքով ու երախտիքով... Այսօր Արմենի դիրքում իր հիշատակին խաչքար է կանգնեցված, իսկ այն վայրը, որտեղից կրակ է վարել և արիաբար զոհվել, չի ենթարկվել ոչ մի փոփոխության, անգամ մարտական կացարանի պատերին առկա հետքերը չեն վերացվել՝ ի նշան երախտիքի... Հավերժ փառք քեզ անմահ ՀԵՐՈՍ Արմեն...»: