Երևան`   -3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

«Աբսուրդ է, որ Տավուշի նման ջրագրական ցանց ունեցող տարածաշրջանում գյուղերի մեծ մասն ունի ջրի խնդիր». Գ. Փայտյան

127
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 01:30
«Աբսուրդ է, որ Տավուշի նման ջրագրական ցանց ունեցող տարածաշրջանում գյուղերի մեծ մասն ունի ջրի խնդիր». Գ. Փայտյան

Ներգնա զբոսաշրջության ոլորտի գործարար, տավուշաբնակ Գարիկ Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի տարբերություն հրաբխային լեռների ու նրանց շրջակա տարածքների, ծալքաբեկորավոր լեռներում ջրագրական ցանցն ավելի խիտ է լինում։ Դե եթե ավելի պարզ ասեմ, օրինակ, Արագած լեռը հրաբխային է։ Էնտեղ որ անձրև է գալիս, ջրի մեծ մասը ներծծվում է հողի մեջ ու դառնում ստորերկրյա ջրեր։ Դրա համար էլ Արագածի վրա գետերը քիչ են։
Հակառակն է ծալքաբեկորավոր լեռներում։ Օրինակ, Միափորի լեռնաշղթան, որի հյուսիսային լանջերն ամբողջությամբ զբաղեցնում է Իրական Տավուշը՝ Շամշադինը, քիչ է ներծծում իր վրա եկած անձրևները ու հալված ձյունը։ Փոխարենը միայն մեր տարածաշրջանում ձևավորում է 3 ոչ փոքր գետ՝ Խնձորուտ, Տավուշ, Վարագաջուր։ 3 գետն էլ մոտ 30կմ հոսելով մեր տարածքով՝ գնում են Ադրբեջան։
Աբսուրդն էնա, որ էս կարգի ջրագրական ցանց ունեցող տարածաշրջանում գյուղերի մեծ մասն ունեն ջրի խնդիր։
Եթե ինձ հարցնեք, թե որն է ամենամեծ դժվարությունը գյուղում, կասեմ, որ ոչ ստաբիլ ջրամատակարարումը։
Խնդիրն ունի 2 պատճառ։
1. Չկա համապատասխան ենթակառուցվածք սարերից ջուրը բնակավայրեր հասցնելու համար, եղածն էլ մաշված է և պարբերաբար խափանվում է։
2. Ջրաչափերի բացակայության և անկախ օգտագործված ջրի քանակից միևնույն գումարը վճարելու պայմաններում գյուղ հասած ջուրը անարդար է բաշխվում։ Մարդ կա այգին է ջրում խմելու ջրով, մարդ կա ընդանրապես ծորակ չի դնում ու միշտ հոսում է ջուրը, մարդ էլ կա իրենց թաղամասը բարձր էու ջուր չի հասնում։

Երկրորդ խնդիրը լուծելը ավելի քիչ ծախսատար է, բայց բավարար չի նորմալ ջրամատակարարում ունենալու համար։

Ասում են մոտ 2մլն դոլար է պետք, որպեսզի Նորաշեն, Արծվաբերդ, Վ Կարմիրաղբյուր, Մովսես և Չորաթան գյուղերի համար սարից խոշոր տրամագծով խողովակով ջուր բերեն և նշված գյուղերի ջրի հարցը լուծեն։
Պատությունը ահռելի գումարներ է ծախսում այս գյուղերին հարող սահմանը պահելու համար, բայց ամուր սահմանի երաշխիքը բնակեցված գյուղերն են, որտեղից երիտասարդները հեռանում են նաև կենցաղային բավարար պայմաններ չունենալու պատճառով։
Այ էսպիսի թվացյալ մանրուքներն ու կենցաղային խնդիրներն են, որ իդեալական ապրելու վայր գյուղը ոչ հրապուրիչ են դարձնում հատկապես երիտասարդների համար։
Էլ չեմ խոսում, թե նման խնդիրները ինչքան են խոչընդոտում բիզնեսին ու ներդրումներին։ Լիքը եղել է, որ չեմ կարողացել հյուր ընդունել ջուր չլինելու պատճառով։
Էս ամեն ինչի մեջ ուզում եմ բարձր գնահատել էն մարդկանց աշխատանքը, ովքեր անկախ եղանակային պայմաններից էս ձմեռվա կեսին սարերում անիվ են վառում, որ խողովակների սառույցը հալեցնեն»։