Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.

«ՀՀ-ում այսօր օլիգարխներ չկան». Հովիկ Աղազարյան

202
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 02:35
«ՀՀ-ում այսօր օլիգարխներ չկան». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 168 TV-ի եթերում ասել է, որ այսօր Հայաստանում օլիգարխներ չկան. «Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն կառավարության մաս էր, օլիգարխ էին ԲՀԿ ղեկավար կազմից որոշ մարդիկ, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանը, այն ժամանակ՝ Սամվել Ալեքսանյանը, դասական օրինակ էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, և այդ տիպի մարդիկ»,- ասել է նա:

Հարցին, թե հիմա Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը օլիգարխներ չե՞ն, պատգամավորը պատասխանել է. «Որովհետև կառավարության կազմում չկա որևէ մեկը, որը գտնվի իրենց հետ այնպիսի կապերի մեջ, որը հատուկ է օլիգարխիային բնութագրելու համար: Օլիգարխը այն մեծահարուստն է, որը զբաղվում է անմիջական բիզնեսով, ընդ որում՝ մի քանի ոլորտներում, և իշխանական բարձրագույն օղակներում ունի ազդեցության լծակներ: Հիմա Խաչատուր Սուքիասյանը կամ Սամվել Ալեքսանյանը բավարարում են մյուս կատեգորիաներին՝ բիզնեսմեն են, մեծահարուստ են, մնում է այս մի կատեգորիան հստակեցնենք՝ իշխանության բարձրագույն օղակներում իրենք չունեն ազդեցության լծակներ»:

Դիտարկմանը՝ մամուլը գրում է Խաչատուր Սուքիասյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի սերտ կապերի մասին, նաև խոսվում է, որ Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամը, իշխանական պատգամավորն ասել է. «Հիմնադրամի ֆինանսավորումը տարօրինակ չէ, երբ մեծահարուստները լուրջ գումարներ են տրամադրում: Իսկ ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի և Սուքիասյանի ենթադրյալ կապին, ապա պետք է ոչ թե այդ կապի մասին ասեք, այլ ասեք՝ պարոն Աղազարյան, հիշո՞ւմ եք՝ մի այսպիսի օրինագիծ ընդունվեց, որի ջատագովն Ալեն Սիմոնյանն էր, և որի արդյունքում Խաչատուր Սուքիասյանն այսպիսի առավելություն ստացավ: Եթե նման օրինակ կբերեք, ես կարող եմ դժվարանալ պաշտպանվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՀՀ-ում այսօր օլիգարխներ չկան». Հովիկ Աղազարյան