Երևան`   -6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

«Գուցե շատ գործեր «ջուր» են և հենց այդ պատճառո՞վ են ձգձգվում». Ավետիք Իշխանյան

144
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 23:10
«Գուցե շատ գործեր «ջուր» են և հենց այդ պատճառո՞վ են ձգձգվում». Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞ւր են դատավճիռները.

դեռևս 2015թ․ հարուցված քաղաքական հնչեղություն ունեցող բազմաթիվ քրեական գործերի ճակատագրերը մնում են անորոշ։ Խոսքը վերաբերում է դեռևս նախորդ իշխանությունից «ժառանգություն» մնացած «Նորքի», «Սասնա Ծռերի», Անդրիաս Ղուկասյանի, Սամվել Բաբայանի գործերին (բացառությամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի կարճված գործի), ինչպես նաև, արդեն նոր՝ 2018-ի հունիսից հարուցված քրեական գործերին․ Մանվել Գրիգորյան, Հովիկ Աբրահամյան, Դավիթ Սանասարյան, տասնյակ գյուղապետեր և այլն, և այլն։ Միթե դատարաններն այդքան ծանրաբեռնված են, թե՞ վերոնշյալ գործերն են շատ բարդ, թե՞ նախկինում դատարանները ցուցումներ էին ստանում, այԺմ՝ ոչ, ուստի և՝ չգիտեն ինչպես վարվել։
Եթե, ինչպես ես էի համոզված, որ Անդրիաս Ղուկասյանի և Սամվել Բաբայանի, նաև Ժիրայր Սեֆիլյանի գործերը զուտ քաղաքական են, ապա ինչո՞ւ նրանք չեն արդարացվում, կամ նրանց գործերը չեն կարճվում, ինչպես Ժիրայր Սեֆիլյանի գործը կարճվեց, բայց արդարացում չեղավ։ Թե՞ բոլորս սխալվում էինք և իրականում դրանցում քաղաքական հետապնդում չկար:
Չեմ կարծում, որ, դիցուք, Մանվել Գրիգորյանի կամ Դավիթ Սանասարյանի գործերն այնքան բարդ են, որ մեկ տարուց ավելի դատավճիռներ չեն կայացվում։
Գուցե շատ գործեր «ջուր» են և հենց այդ պատճառո՞վ են ձգձգվում։
Թե՞ գուցե, շատերը «վերականգնել» են պետությանը հասցրած վնասը և գործը «կարճվել» է։ Եթե այո, ապա ինչո՞ւ այդ մասին չի իրազեկվում հանրությանը և ո՞ր հաշվին է փոխանցվել գումարը։
Իսկ գուցե, հիմնական այդ բոլոր գործերով, ինչպես անցյալում, այս անգամ էլ դատարաններին ցուցում է տրված «չշտապել»․ մինչև տեսնենք, թե ինչպես են քաղաքական, հանրային կյանքում իրենց դրսևորում այդ «սուբյեկտները», ըստ որի էլ որոշում կկայացվի և այն «կիջեցվի» դատարաններին»: