Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.

Հունվարի 14-ի դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ

137
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 16:05
Հունվարի 14-ի դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ

Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշները, որը բնորոշ է ներկայիս սեզոնին: Այսպես՝ 2020 թվականի հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194, նախորդ տարվա նույն օրը՝ 1080 պացիենտ: Չնայած, որ նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշների աճ, թոքաբորբերով դիմելիությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,9 անգամ:

Հունվարի 14-ի դրությամբ՝ հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,15 անգամ), որի 96,5%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը դեռևս բաժին է ընկնում Երևանի մանկական ստացիոնարներին: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 40 հիվանդ (նախորդ տարվա 63-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են մինչև 5 տարեկան երեխաները: Ծայրահեղ ծանր հիվանդներ՝ պայմանավորված հետգրիպային բարդություններով առկա չեն:

Ընթացիկ տարվա հունվարի 13-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 77 կանչ, նախորդ տարվա 119 կանչի փոխարեն, թոքաբորբերով՝ 17 կանչ, նախորդ տարվա 29 կանչի փոխարեն:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Կրթական կազմակերպություններում շարունակվում է ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկումը։ Հունվարի 14-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 138 դպրոցում և 23 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական տեղեկացնում է շահագրգիռ կառույցներին:

Հիշեցենք, որ գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Չնայած առողջապահության նախարարության հորդորներին, դեռևս խիստ ցածր է ռիսկի խմբերի ներկայացուցիչների սեզոնային գրիպի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը, մասնավորապես՝

* 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ՝ 4,6%,
* հղիներ՝ 3,1%,
* քրոնիկ հիվանդներ՝ 7,9%,
* 65-ից բարձր տարիքի անձինք՝ 1,5%:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

* պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
* խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
* եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
* եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
* մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպիև սուր շնչառական վարակների բուժման համար,
* հագնվե´ք եղանակին համահունչ,
* պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
* օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
* հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
* հետևե´ք անձնական հիգիենային։