Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.

Մալաթիա-Սեբաստիայի 29-ամյա թաղապետը Հայկ Սարգսյանի զարմիկն է. հենց հարց է լինում, զանգում է «հոպարին». «Ժողովուրդ»

230
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 09:50
Մալաթիա-Սեբաստիայի 29-ամյա թաղապետը Հայկ Սարգսյանի զարմիկն է. հենց հարց է լինում, զանգում է «հոպարին». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 29-ամյա ղեկավար Դավիթ Կարապետյանի կենսագրական տվյալները չեն դադարում զարմացնել: Հիշենք, որ նշանակվելու օրերից նրա կենսագրությունը մի քանի ամիս բացակայեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով երիտասարդ թաղապետի կենսագրական տվյալները, պարզեց, որ Կարապետյանը մինչ այսօր դեռ բարձրագույն կրթություն չունի: Ավելին՝ ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալների՝ Դավիթ Կարապետյանը 2012 թվականից առ այսօր սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետում: Ասել է թե՝ վարչական շրջանի ղեկավարը 8 տարի է՝ ուսանող է: Ի՞նչ է սովորում թաղապետը 8 տարի, որ չի ստացվում: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը ստանալու համար կապվեց Դավիթ Կարապետյանի հետ. «Ես ընդմիջում եմ ունեցել 3 տարի: Երկու տարի սովորել եմ, հետո 3 տարի ընդմիջում տվել ու նորից շարունակել: Այս պահին չորրորդ կուրսում եմ. քանի որ հեռակա է, այն տևում է հինգուկես տարի»: Նշենք, որ Դավիթ Կարապետյանը համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները, իսկ մինչ այդ աշխատել է «շաուրմայանոցում»:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Դավիթ Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին հայտնվել Է միմիայն իր ազգական, Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի շնորհիվ։ Պարզվում է՝ Հայկ Սարգսյանը Դավիթ Կարապետյանի հայրիկի մորաքրոջ որդին է, որին, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, վերջինս «հոպար» է ասում։ Ինչ խնդիր ունենում է Դավիթ Կարապետյանը, անմիջապես հեռախոսոով կապ է հաստատում հենց Հայկ Սարգսյանի հետ։ Հավելենք, որ ինքը՝ Դավիթ Կարապետյանը, մեզ հետ զրույցում «ուրացավ»՝ չխոստովանելով իր և Հայկ Սարգսյանի ազգակցական կապի մասին»։

Մանրամասները՝ թերթի համարում: