Երևան`   -6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

«Վանեցյանը ցանկանում էր զբաղեցնել առաջին փոխվարչապետի պաշտոնը». Դանիել Իոաննիսյան

173
Երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ., 21:50
«Վանեցյանը ցանկանում էր զբաղեցնել առաջին փոխվարչապետի պաշտոնը». Դանիել Իոաննիսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցը երեկ հրապարակել էր «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» խորագրով հոդված, որտեղ ասվում էր, որ վարչապետի ընտանիքի անդամների դեմ քարոզչական արշավ է իրականացվում, և այն համակարգում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Այս թեմայով այսօր Factor TV-ի եթերում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը նշել է, որ ոչ միայն հակված է ամբողջությամբ հավատալու վերոնշյալ հրապարակմանը, այլև հավատում է, որ այդ գործունեությունը սկսվել է դեռևս Վանեցյանի պաշտոնավարման ժամանակ. «Ես ուղղակի պետք է հիշեցնեմ, որ այդ մասին ես ասել եմ դեռևս կես տարի առաջ։ Առաջին անգամ ես ասել եմ, որ Վստրեչի Ապերը փաստացի Արթուր Վանեցյանի շահերի առաջմղմամբ է զբաղվում լրատվամիջոցներում, խոսնակի դերն է տանում դեռևս անցյալ տարվա մայիսին»,- ասել է Իոաննիսյանը:

Նա նշել է, որ Վանեցյանի գործունեության ընթացքում իր կատարած շատ արարքներ քրեական օրենսգրքով արգելված են եղել. «Օրինակ՝ Գարեգին Միսկարյանի հետ կապված պատմությունն է, որի վերաբերյալ ես և իրավապաշտպան Արթուր Սաքունցը նույնիսկ հանցագործության մասին հաղորդում ներկայացրինք՝ այդ աստիճան մեզ համար ակնհայտ էր հանցակազմի առկայությունը։ Չեմ զարմանա, որ Վանեցյանի փիար գործունեության համար ինքը վարչական, պետական, ԱԱԾ ռեսուրսներն օգտագործում էր։ Վանեցյանը, ինչպես և Սերժ Սարգսյանն, իր անկուշտ ամբիցիաների ձեռքից գնաց։ Երբ մեկ տարի առաջ պարզ դարձավ, որ Արարատ Միրզոյանը դառնալու է խորհրդարանի խոսնակ, Արթուր Վանեցյանը ցանկանում էր զբաղեցնել առաջին փոխվարչապետի պաշտոնը»,- եթերի ընթացքում հայտնել է Դ. Իոաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Արթուր Վանեցյանը ցանկանում էր զբաղեցնել առաջին փոխվարչապետի պաշտոնը». Դանիել Իոաննիսյան