Երևան`   +28 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

«Ուզում եմ մտահոգությունս ճիշտ ընկալես և փորձես շտկել իրավիճակը». Նորայր Նորիկյան

201
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 03:20
«Ուզում եմ մտահոգությունս ճիշտ ընկալես և փորձես շտկել իրավիճակը». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկո՛լ ջան, ուզում եմ հավատա. Ադրբեջանը ղեկավարվում է մեկ ընտանիքի կողմից թե՛ դե յուրե և թե՛ դե ֆակտո:
Այդ ընտանիքի ղեկավարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, կինը՝ Մեհրիբան Ալիևան, Ադրբեջանի փոխնախագահն է:
Իլհամ Ալիևը 1997-ից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահը:
Մեհրիբան Ալիևան Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահն է։ Նա դիտարկվում է ամենահավանական թեկնածուն, ով կարող է փոխարինել Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում:
Նրանց ավագ դուստրը՝ Լեյլա Ալիևան, 2007-ից հանդիսանում է Հեյդար Ալիևի հիմնադրամի Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավարը, 2007-ից «Baku» ամսագրի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը, 2011-ից՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը:
Նրանց մյուս դուստրը՝ Արզու Ալիևան, Բաքվի մեդիա կենտրոնի նախագահն է, կինոռեժիսոր, և, ըստ էության, զբաղվում է կինոարտադրությամբ:
Նրանց որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը, 2018թ. զորակոչվել էր այդ երկրի զինված ուժեր՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, և մեկ տարի անց զորացրվել:
...Նիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ, որ ինքդ անձամբ չես ցանկանում, որ քաղաքակիրթ աշխարհի մոտ այնպիսի ընկալում ձևավորվի, որ Ադրբեջանն ու Հայաստանը ոչ միայն հարևան ու հակամարտության մեջ գտնվող երկրներ են, այլև ղեկավարվում են մեկ ընտանիքի կողմից:
Ես դեմ եմ և չեմ ուզում, որ իմ երկիրն այսպիսի ընկալում ունենա դրսից:
Իսկապես հարգանքի արժանի ընտանիք ունես և հրաշք զավակներ: Աստված պահապան քո ընտանիքին:
Այո՛, քո ընտանիքի անդամները նույնպես կարող են քեզ ու մեր երկրին օգտակար լինել իրենց կարողությունների սահմաններում, այո՛, իրենք նույնպես իրավունք ունեն ունենալու քաղաքացիական դիրքորոշում և այն արտահայտելու հնարավորություն:
Բայց ես վստահ եմ, որ դու քաջ գիտակցում ես, թե ինչի մասին է խոսքը:
Ուզում եմ, որ իմ անկեղծ մտահոգությունը ճիշտ ընկալես և շատ արագ փորձես շտկել իրավիճակը…
Իմ խորին համոզմամբ՝ սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան թե այն հարցը, թե ինչու մինչև հիմա որևէ սերմացու գողացող «ՄՈՒԿ» բռնված չէ...»: