Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանի օրոք անմեղներին բանտարկում են». Վահագն Ավագյան

368
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 21:45
«Փաշինյանի օրոք անմեղներին բանտարկում են». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղբանտարկյալ Արթուր Մովսիսյանի դատապարտումը Սերժիկ Սարգսյանի օրոք և կալանավորումը Նիկոլ Փաշինյանի օրոք ավարտին է մոտեցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության ամբողջական նկարագիրը։ Այժմ անգամ ամենալավատեսները պետք է ընդունեն, որ գործ ունենք իշխանության ժառանգական փոխանցման հետ, որի հիմքում ընկած է ընդհանուր աշխարհընկալում, ապագայի և ներկայի մասին ընդհանուր պատկերացումները, պայքարի և հանցագործության մասին ընդհանուր պատկերացումները, ազատության ու արդարության վերաբերյալ ընդհանուր պատկերացումները, լավի ու վատի մասին ընդհանուր պատկերացումները, որոնք պետք է պահպանվեն և փոխանցվեն սերնդից սերունդ։

Ստալինի օրոք մարդկանց սպանում ու դատում էին, փոխարենը՝ անվճար կրթություն և բոլորին անպայման աշխատանքի էին տեղավորում։ Նիկոլ Փաշինյանի օրոք անմեղներին բանտարկում են, փոխարենը մի քանի փողոց են վերանորոգում։

Այսպիսի երկրում վարչապետը ժամերով և օրերով մտածում է Ջինգլ Բելսի հետ մրցակցող երգի անհրաժեշտության մասին և հպարտանում է, որ իր կարծիքով հանճարեղ այդ միտքը ծագել է հենց իր «բազմազբաղ» գլխում։

«Իմ Քայլին» բազմաթիվ հարցեր ունենք։ Շուտով հանրությունն է այդ հարցերը տալու ձեզ, իսկ ապագայում իմացեք, որ հենց այսօրվանից ստորագրում եք անմեղ մարդկանց բանտարկելու թղթերի տակ և վաղը ժողովուրդը և իրապես հեղափոխական իշխանությունները ձեզ հարցեր են տալու ձեր պատասխանատվության չափը որոշելու նպատակով։ Բնականաբար, մենք թավշյա էինք, իշխանության ճյուղերը անկախ են և նման հիմար պատասխանները մեզ չեն բավարարելու, քանի որ Ստալինյան սպանդը նույնպես թղթերով մաքուր էր լինում»: