Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Արցախի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի քննարկվում». Աննա Նաղդալյան

1009
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 16:50
«Արցախի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի քննարկվում». Աննա Նաղդալյան

«ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է վերջին անգամ՝ արտգործնախարարի՝ Բրատիսլավայում ծավալուն ելույթի ժամանակ: Նշվել է, որ կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է: Ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման: Առանց սահմանափակման ասելով՝ մենք նկատի ունենք, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ, այն է՝ Արցախի ժողովուրդը իրավունք ունի պահպանել և սահմանել իր կագավիճակը՝ Ադրբեջանի ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար». դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հնչեցրած գնահատականներին:

Ըստ Ա.Նաղդալյանի՝ Ադրբեջանն իր 30-ամյա հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Վերջերս Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր Սումգայիթի ջարդերը կազմակերպելու մեջ: Նման պայմաններում ավելորդ է դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը:

«Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ»,- կրկին պնդեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական կողմը կամ ընկալման խնդիրներ ունի, կամ պարզապես չի ցանկանում ընկալել:

«Բայց այս պարագայում կարող եմ ասել, որ Ադրբեջանը բավականին լավ ընկալում է անվտանգության այն բոլոր դիտարկումները, որոնք հայկական կողմն է ներկայացնում, պարզապես ձևացնում են, որպեսզի կարողանան արդարացնել իրենց առավելապաշտական դիրքորոշումը: Արցախի և Հայաստանի պարագայում սպառանալիքի լեզուն չի գործելու: Հարցի չկարգավորման հիմնական պատճառն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է: Եվ դրա հիման վրա առաջընթաց դժվար է ակնկալել: Իսկ ինչ վերաբերում է բանակցային սեղանին ինչ-որ փաստաթուղթ, այդ թվում՝ Լավրովի պլան լինելուն, ապա ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ որևէ փաստաթուղթ չի քննարկվում»: