Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Սա ասում եմ հենց իմ գործունեության ընթացքում հանդիպած խոչընդոտների հիմքով». Սարգիս Ալեքսանյան

760
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 21:10
«Սա ասում եմ հենց իմ գործունեության ընթացքում հանդիպած խոչընդոտների հիմքով». Սարգիս Ալեքսանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի հետ լիովին համամիտ եմ: Պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Սա ասում եմ հենց իմ գործունեության ընթացքում հանդիպած խոչընդոտների հիմքով: Օրինակները շատ են, բայց կբերեմ միայն վերջին մեկ ամսվա ընթացում տեղի ունեցած մի թարմ օրինակ:
Այսպես. մոտ մեկ ամիս առաջ հանդիպեցի իսպանահայ մի գործարարի հետ, ով ցանկություն հայտնեց մեծամասշտաբ ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Ես առաջարկեցի այդ ներդրումներն իրականցնել Տավուշում և նա սիրով համաձայնեց։ Պայմանավորվեցինք հաջորդ անգամ կոնկրետ ծրագրային առաջարկներով հանդիպել Տավուշի մարզպետի հետ և քննարկել առաջարկները։ Արդեն մեկ ամիս է, ինչ փորձում եմ Տավուշի մարզպետի և իսպանահայ գործարարի ներկայացուցչի միջև հանդիպում կազմակերպել։ Ցավոք, հանդիպումը չկայացավ, քանի որ մարզպետի աշխատանքային գրաֆիկն այնքան ծանր է, որ ժամանակ չի կարողանում տրամադրել: Այս ներդրողին չկորցնելու համար մի քանի օր առաջ հանդիպում կազմակերպեցի Էկոնոմիկայի նախարարությունում։ Գրեթե 3 ժամ տևած քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ այժմ նպատակահարմար չէ ծրագրերը կյանքի կոչել, մի շարք խնդիրների պատճառով՝ օրենսդրական դաշտը ներդրողի համար բավարար պաշտպանվածություն չի ապահովում, չկան ներդրումային փաթեթներ, առկա են բյուրոկրատական դժվարություններ և այլ խոչընդոտներ։
Երբ դուրս եկանք քննարկումներից, գործարարի ներկայացուցիչը դեմքիս նայելով ասաց՝ այս մարդիկ պարզապես ցանկություն չունեն երկրի տնտեսության զարգացմանը հեղափոխական զարկ տալու։ Այլ երկրներում կառավարությունն ինքն է քայլեր կատարում համոզելով, ներդրումային նպաստավոր միջավայր ստեղծելով, նվազագույնի հասցնելով ավելորդ քաշքշուկները, հիմա մենք մեր ոտքով եկել ենք՝ առաջարկում ենք առանց ֆինանսական սահմանափակումների մեր նպաստը բերել որպես հայ, մեզ նման կերպ են վերաբերում։ Իսկ ես, այդքան անհարմար վիճակում, չգիտեի ինչ պատասխանել։ Մի խոսքով, պարոնայք, ուշքի եկեք, մի կորցրեք յուրաքանչյուր հնարավորություն, վաղը ուշ է լինելու»։