Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նա մնացել է նույն ռուսական ԿԳԲ-ի աշխատակից՝ դրանից բխող բոլոր վտանգներով». Արման Բաբաջանյան

450
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 01:20
«Նա մնացել է նույն ռուսական ԿԳԲ-ի աշխատակից՝ դրանից բխող բոլոր վտանգներով». Արման Բաբաջանյան

«Ես քանիցս հայտարարել եմ, որ Արթուր Վանեցյանը ծանրագույն հայտարարություններ է արել իր պաշտոնից չբխող, որովհետև, պաշտոնում գտնվելով, նա հայտարարություն է տարածել, և որևէ բացատրություն դրանից հետո չի տրվել։ Դրան հաջորդած բոլոր հայտարարությունները նույնպես օրենքի կոպտագույն խախտում են, որովհետև ԱԱԾ տնօրենը ևս ի պաշտոնե իրեն բաժին հասած տեղեկատվությունը չէր կարող օգտագործել իր քաղաքական նպատակների և ծրագրերի համար»,- Factor TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա նշել է, որ առաջիկայում պատրաստվում է շրջանառության մեջ դնել օրենքի մի նախագիծ, որով առնվազն մի քանի տարով կարգելվի ԱԱԾ ղեկավարներին, նրանց տեղակալներին որևէ կերպ զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։

Հարցին, թե օրենքը կունենա՞ հետադարձ ուժ, Բաբաջանյանն ասել է. «Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք այդպիսի դրույթ արձանագրել նախագծում։ Իսկ ինչ վերաբերվում է նրա ծրագրերին, ես քանիցս նշել եմ, որ Արթուր Վանեցյանին պետք է նրա հայտարարությունների և նրա ակտիվությունը քաղաքական միջավայրերում սահմանափակել, նրան զգուշացնել իր հայտարարությունների անթույլատրելիության մասին։ Քանի որ նա նախկինների նոր փաթեթավորումն է, հույս ունեմ, որ մեր հանրությունը, հասարակությունն ամբողջությամբ ընկալում է նրա նպատակները քաղաքական դաշտում, որ նա նախկին նախագահի, Սերժ Սարգսյանի ընտանիքի ծրագրերի մաս է կազմում, և որևէ կերպ չի կարող մասնակցել Հայաստանի ապագայի ծրագրերի շուրջ մրցակցային միջավայր ստեղծելու նպատակներին»:

Անդրադառնալով Չեչնիայի ղեկավար Քադիրովի՝ Վանեցյանին ուղղված շնորհավորանքին՝ Բաբաջանյանն ասել է. «Ես ցավ եմ ապրում, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարն այդքան խղճալի միջոցներ է գործի դնում, որպեսզի իր հնարավոր առնչությունները և կապերն ի ցույց դնի հանրությանը։ Ես հասկանում եմ, որ նա ապրում է խորհրդային կարծրացած մեթոդներով, և նա ինչքան էլ ԱԱԾ տնօրեն է եղել և աշխատակից է եղել առհասարակ, բայց նա մնացել է նույն ռուսական ԿԳԲ-ի աշխատակից՝ դրանից բխող բոլոր վտանգներով, որոնք որևէ առնչություն չունեն մեր ազգային նպատակների հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արման Բաբաջանյանը` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործունեության մասին