Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ընդդիմությունը պիտի քլնգի. մենք էլ, որ ընդդիմություն լինենք՝ այդպես ենք անելու». Արարատ Միրզոյան

330
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 15:30
«Ընդդիմությունը պիտի քլնգի. մենք էլ, որ ընդդիմություն լինենք՝ այդպես ենք անելու». Արարատ Միրզոյան

Դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա պատասխանեց ընդդիմության այն պնդումներին, թե կառավարությունը վարկեր վերցնելու հիմնավորումներ չի ներկայացնում:

«Ընդդիմությունը, որպես կանոն, դեմ է քվեարկում բյուջեին, կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին: Փաստարկները կապ չունեն, վերնագիրը համաձայնագիր է, ընդդիմությունը պիտի քլնգի, մենք էլ, որ ընդդիմություն լինենք, մենք էլ ենք այդպես անելու: Դա նորմալ է, լավ է, որ ընդդիմությունն ասածիս գլխով հավանություն է տալիս: Վարկային համաձայնագրերը մեծ հաշվով տնտեսագիտության մասին չեն, դրանց կոնտեքստը քաղաքական է»,-ասաց նա:

ԱԺ ղեկավարի մեկնաբանմամբ՝ բարեփոխումների արդյունքում միջազգային գործընկերների մոտ ՀՀ-ի հանդեպ վստահությունն այնքան է աճել, որ չնայած այն հանգամանքի, որ ՀՀ-ն 5 տոկոսով պարտք ունի, 1,6 տոկոսով գումար են առաջարկում:

«Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող»,-նկատեց նա՝ բացատրելով, որ տրամադրված գումարը ներդնելու են տնտեսության մեջ, բազմապատկման էֆեկտով տնտեսությունն աշխուժանալու է, և արդյունքում՝ 5 տոկոս վարկը մարվելու է:

Ելույթի վերջում ԱԺ նախագահը կոչ արեց վերջ տալ անհարդուժողականության մասին խոսակցություններին:

Հիշեցնենք, որ խոսքը 4 վարկային համաձայնագրերի մասին է: Ինչպես հայտնեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, 4 վարկային համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի պարտավորություն: Փոոխնախարարը ընդդիմադիր պատգամավորների պնդումներին, թե իր խոսքում հիմնավորումներ չեն տեսնում, ասաց. «Ես մենակ եմ, դուք՝ շատ, դժվար է գիտելիքը փոխանցել մի ամբողջ դահլիճի» և պատրաստակամություն հայտնեց առանձին հանդիպումներով ներկայացնել փաստարկները: