Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

«5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար». Սուրեն Պարսյան

255
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 00:05
«5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար». Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Երեկ ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումները դատարան բողոքարկելու համար սահմանվելու է պետական տուրք 4000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ այսուհետ քաղաքացիները 5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար, իսկ ավելի պատկերավոր՝ 1000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության որոշումը դատական կարգով վիճարկելու համար պետք է վճարեն քառապատիկի չափով։ Հասկանալի է, որ այս օրենքը «սղացրել» են նրա համար, որ վարչական դատարանի ծանրաբեռնավածությունը թեթևացնեն։ Իսկ ովքեր, որ համաձայն չեն վարչական ակտի հետ, այն կարող են բողոքարկել վերադասության կարգով ՀՀ ոստիկանությունում, որը որպես կանոն 95 տոկոսի դեպքում մերժում է։ Միաժամանակ, հիշեցնեմ նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1426 որոշման մասին, ըստ որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:

Այս պահին ՀՀ ոստիկանությունը պատրաստ չէ անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետներում ուսումնասիրել իր իսկ ընդունած վարչական ակտերը, և 4000 ՀՀ դրամ պետական տուրքի սահմանումը ՀՀ քաղաքացիների համար կդառնա լրացուցիչ ֆինանսական բեռ, ինչը կպարտադրի վճարել երբեմն ակնհայտ սխալ ճանապարհային ոստիկանության ակտերը»։