Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պարապության նպաստի իրական շահառուն հենց նա է». Արփինե Հովհաննիսյան

341
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 20:45
«Պարապության նպաստի իրական շահառուն հենց նա է». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԴ դատավորները և «պարապության նպաստը»:

Խնդրանք ՍԴ դատավորներին.

Այսօր խորհրդարանում քննարկվում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կամ ավելի ճիշտ՝ ՍԴ դատավորների «պարապության նպաստի» վերաբերյալ նախագիծը։ Այս նախագիծը շատ կարևոր է դիտարկել երեք հարթությունից՝ իրավական, քաղաքական և բարոյական։ Եթե հարցը քննարկում ենք բարոյական տեսանկյունից, ապա հարցի հիմնական հասցեատերը ՍԴ դատավորներն են, և էական է այն հարցը, թե արդյոք նրանք կշարունակեն դիմակայել, թե ոչ։
Նախագծի հեղինակները պնդում են, որ նախագիծը պատվով կամ արժանապատիվ հեռանալու մասին է:

Ասում են՝ մարդկանց մեջ այնքան ծիծաղելի չեն այն հատկանիշները, որոնք նրանք ունեն, որքան նրանք, որոնց նրանք հավակնում են: Իշխանության շատ ներկայացուցիչներ են հավակնում այնպիսի հատկանիշների, որ չունեն։ Պատվի ու արժանապատվության մասին խոսելիս թերևս արժե, որ իրենք իրենց հարց տան, թե արժանապատի՞վ է արդյոք խոսել իրավական պետության մասին, սակայն մասնակցել երկրում այնպիսի դատական համակարգի կերտմանը, ուր Բարձր դատարանի դատավորները հեռացվում են քաղաքական պատճառներով, նրանց ընտանիքի անդամները և իրենք ճնշումների են ենթարկվում քաղաքական պատճառներով և ուր սկզբունքայնությունը համարվում է թերություն, օրենքին ծառայելը՝ արատ, իսկ հավաքական «Հրաչներից» բաղկացած դատական համակարգը՝ ինստիտուցիոնալ երազանք ։
Այս համատեքստում, կարծում եմ՝ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել՝ զերծ ավելորդ աղմուկից և պաթոսից։ Ուստի ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ԽՆԴՐՈՒՄ եմ՝
• ՍԴ դատավոր պարոն Արայիկ Թունյանին՝
Շարունակե՛ք այն պարկեշտ ու բարոյական ուղին, որ անցել եք Ձեր կյանքի ընթացքում, դիմակայե՛ք այն ճնշումներին, որոնք կիրառվում են Ձեր հանդեպ՝ կապված Ձեր որդու ծառայության հետ և ոչ միայն,
• ՍԴ դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանին՝
Շարունակե՛ք իրական դատավորի կոչմանը հավատարիմ Ձեր արժանավոր ուղին, դիմակայե՛ք բոլոր ճնշումներին ու ցույց տվեք Ձեր վերաբերմունքը էժան հնարքներին (բարձր պաշտոնի շինծու խոստում և այլն),
• ՍԴ դատավոր պարոն Աշոտ Խաչատրյանին՝
Շարունակե՛ք ցուցաբերել կամային բարձր հատկանիշներ, չընկրկել այն ճնշումներից, որոնք Ձեր վրա գործադրվում են Ձեր որդիների տարբեր գործունեությունների հետ կապված,
• ՍԴ դատավոր տիկին Արևիկ Պետրոսյանին՝
Շարունակե՛ք որպես սկզբունքային և ուժեղ կին ամուր մնալ ու դիմակայել բազմաթիվ ճնշումների՝ օրինակ ծառայելով Ձեր դստեր համար,
• ՍԴ դատավոր պարոն Ֆելիքս Թոխյանին՝
Դիմակայե՛ք Ձեր և Ձեր ընտանիքի անդամների հետ կապված տարբեր շանտաժներին ու ճնշումներին, ապացուցեք, որ ՍԴ դատավորների վերաբերյալ իշխանական քարոզչամեքենայի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում
• ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին՝
Շարունակե՛ք: Ուղղակի նույն կերպ շարունակեք:

Հարգե՛լի տիկնայք և պարոնայք, շարունակե՛ք բարձր պահել ամենաթանկը՝ ձեր արժանապատվությունը ու դուք կգնահատվեք՝ պատմության ու սերունդների կողմից: Ձեր անցած ուղու վերջաբանն իշխանության կողմից Ձեզ առաջարկվող անփառունակ «պարապության նպաստը» չէ՝ ՀՀ քաղաքացիների հաշվին:
Պատմությունը գլխիկոր հեռացածներին համարելու է ոչ թե պատվով հեռացածներ, այլ նպաստի համար ամենակարևոր մարտի ժամանակ ՊԱՏԻՎ ՎԱՃԱՌԱԾՆԵՐ։ Ավելին՝ ցանկացած հաջորդ իշխանություն վերացնելու է «պարապության» նպաստը, որովհետև չի կարող ՀՀ քաղաքացու հաշվին ոչինչ չանելու համար միլիոններով նպաստ ստանալը դիտվել իրավաչափ ու բարոյական որևէ իշխանության դեպքում։
Հ.Գ. Ակնհայտ է, որ ոչինչ չանելու համար գումար տալը նորմալ է այս իշխանության համար, քանզի իրենք նշանակել են ՍԴ դատավոր (Վահե Գրիգորյան), ով բյուջեից ոչինչ չանելու համար արդեն ամիսներ շարունակ գումար է ստանում ու արհեստական «ճգնաժամ» հորինում: Պարապության նպաստի իրական շահառուն հենց նա է:
Հ.Գ.1 Իրավական ու քաղաքական հարթություններին կանդրադառնամ առաջիկայում: Դրանց հասցեատերը Արմեն Սարգսյանն ու իշխող քաղաքական ուժն են»: