Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 242,000 եվրո փոխհատուցել Եհովայի վկաներին

356
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 00:15
ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 242,000 եվրո փոխհատուցել Եհովայի վկաներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանը և մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242,000 եվրո։

Գործը հարուցվել է 22 դիմումների հիման վրա: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով:

Հայցվորները Եհովայի վկաներ են, որոնք զինվորական և այլ քաղաքացիական ծառայություն իրականացնելուց հրաժարվելու համար 2012-ին դատապարտվել են: Հայցվորների բողոքի առարկան այն է, որ քրեական դատավարության ընթացքում խախտվել են իրենց իրավունքները, որոնք ամրագրված են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով:

Վերջիններս 10,000-ական եվրո են պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 2000՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: ՀՀ կառավարությունը պատասխանել է՝ նշելով, որ գումարի ծավալը չափազանցված է, սակայն դատարանն այն խելամիտ է համարել և պարտավորեցրել է 10,000-ական եվրո վճարել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 1000 եվրո՝ տեղի դատական ծախսերը փակելու համար: