Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Դավիթ Սանասարյանն անցնում է բոլոր սահմանները». Արսեն Թորոսյան

408
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 00:30
«Դավիթ Սանասարյանն անցնում է բոլոր սահմանները». Արսեն Թորոսյան

ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանն իր դեմ հարուցված քրեական գործում բարձրաձայնել էր Արսեն Թորոսյանի և Արթուր Վանեցյանի անունները. «Իմ դեմ հետապնդումը տեղի է ունեցել Վանեցյան-Թորոսյան համագործակցության արդյունքում»,- ասել էր Սանասարյանը։ Այս առնչությամբ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Factor TV-ի եթերում ասել է. «Ես կցանկանայի, որ ցանկացած անձ իր հետ տեղի ունեցող պրոցեսների մեջ առաջինը հարց տար իրեն՝ ինչո՞ւ է այդ ամենը տեղի ունենում, հետո անհիմն մեղադրանքներ ուղղեր ուրիշներին»:

Անդրադառնալով Սանասարյանի մեկ այլ հայտարարության, թե Արսեն Թորոսյանն ակտիվորեն պաշտպանում է Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի շահերը՝ ԱՆ նախարարն ասել է. «Ես համարում եմ դա զրպարտանք, բայց չեմ ուզենա դատարան դիմել, որովհետև ժամանակ չունեմ նման անիմաստ գործողություններով զբաղվելու։ Եթե մի հիմք նա ունենար, վաղուց հրապարակած կլիներ, մի հատ ֆոտո՝ իմ ու Սամվել Ալեքսանյանի հետ, չհաշված մեկը, որ արվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում բաժանմունքի բացման ժամանակ արված»:

Դիտարկմանը, թե ըստ Սանասարյանի՝ Թորոսյանի կնոջ ղեկավարած կլինիկայի պետական ֆինանսավորումը 150%-ով ավելացել է, Թորսյանը նշել. «Եթե ես նախարար չլինեի, կարող էր 250%-ով աճած լիներ, և երկրորդ՝ Դավիթ Սանասարյանը պարզապես անցնում է բոլոր սահմանները և անձնականի է վերածում՝ փորձելով ստվերել իր կողմից դիտմամբ կամ պատահմամբ թույլ տված սխալները, որ ավելի հեշտ կլիներ ընդունել և անցնել առաջ։ Ինչ վերաբերում է տվյալ բժշկական կենտրոնի պետական պատվերին, ես հիշեցնեմ, որ առնվազն այս պահին ՀՀ-ում այս տարի նախ 10 միլիարդ դրամով աճեց պետական բյուջեի հատկացումները, հետո ևս 8 միլիարդ դրամով, իսկ դա նշանակում է շատ ավելի շատ ծառայութուններ, քան նախկինում, որոնք տրամաբանորեն բաշխվում են բոլոր բժշկական կենտրոններին։ Իսկ, օրինակ, Դավիթ Սանասարյանը չի՞ ասում, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի պետպատվերն աճել է 2 միլիարդ դրամով, կարող է՝ այնտեղ էլ բարեկամ ունեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արսեն Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի մեղադրանքների մասին