Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.

«Ո՞ւր է Արսեն Թորոսյանը». խորհրդարանում նախարարին էին փնտրում

179
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 16:35
«Ո՞ւր է Արսեն Թորոսյանը». խորհրդարանում նախարարին էին փնտրում

Դեկտեմբերի 9-ին խորհդարանը քննարկեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը, որի հեղինակը Կառավարությունն է: Պատգամավորներն օրինագծում բազմաթիվ թերություններ ու բացթողումներ մատնանշեցին: «Իմ քայլը» խմբակցությունից Լուսինե Բադալյանը նկատեց, թե ինքն իր ոչ բժշկական գիտելիքներով գիտի, թե ինչ է ռևմատոիդ ատրիդը:

«Սակայն ի՞նչ կապ ունեն ռևմատոիդ ատրիդը, էնդոկրին համակարգի հիվանդությունները ծխախոտի օգտագործման հետ: Պետք չէ այդքան ճոխացնել»,- ասաց նա:

ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանն էլ նշեց. «Ես չեմ ծխել, չեմ ծխում, մտադիր էլ չեմ ծխել: Բայց եթե քննարկում ենք օրենք, ապա այն պետք է դիտարկենք բոլոր կողմերից: Մեզ բաժանվեց մի ինչ-որ թղթիկ, որի վրա գրված են սիրուն բառեր, բայց ոչ մի թիվ: Այո, ծխելը վատ բան է, կա տարիք, որի դեպքում բժիշկները խրախուսում են ծխել, որովհետև նիկոտինի պակասից առողջական խնդիրներ են առաջանալ: Հայրս մահացել է թոքերի քաղցկեղից: Երբ 60 տարեկանից հետո փորձեց ծխելը թողնել, նրա մոտ առողջական խնդիրներ ծագեցին, և բժիշկները խորհուրդ տվեցին շարունակել ծխել»,- նկատեց Գ.Գորգիսյանը:

Նույն խմբակցությունից Անի Սամսոնյանը վիճակագրություն վկայակոչեց, որի համաձայն՝ ՌԴ-ն, որտեղ ծխելու օրենսդրական արգելք կա, մեկ շնչին ընկնող գլանակների օրական թվով առաջինն է, իսկ ԱՄՆ-ում, որտեղ նման օրենք չկա, տարեցտարի կրճատվում է ծխողների թիվը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պնդեց, որ փորձը ցույց է տվել, որ ծխելն արգելելուց ծխողների թիվը նվազում է:

«Պետք է հասնենք այն բանին, որ ունենանք անծուխ Հայաստան՝ 5-10 տարի հետո»,- պնդեց Ա.Սիմոնյանը:

Նախագծի քննարկման ընթացքում ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությունը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին էր փնտրում:

«Ո՞ւր է Արսեն Թորոսյանը, որն այս օրինագծի ամենից ակտիվ լոբբինգն էր անում»,- հարցրեց Անի Սամսոնյանը: Նշենք, որ օրինագիծը ներկայացնում էր առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: