Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Այս գործընթացը կարևոր իրողություն է բացահայտում». Արսեն Խառատյան

440
Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ., 15:30
«Այս գործընթացը կարևոր իրողություն է բացահայտում». Արսեն Խառատյան

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աջակցել ՀՅԴ-ի ներքին հեղափոխությանը. ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեմ «Հայ հեղափոխական դաշնակցության» մի մասի կողմից սանձազերծած արշավը մի կողմից պարզ մանիպուլյատիվ բնույթ ունի, մյուս կողմից՝ վտանգավոր է, քանի որ այն պառակտման հիմքեր է ստեղծում հատկապես Հայաստանից դուրս բնակվող մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև: Քաղաքական մեծամասնության կողմից հայոց լեզուն վտանգելու մասին մտացածին թեզերին անիմաստ եմ համարում անդրադառնալ այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես աղերս չունեն իրականության հետ:

Սակայն, այս գործընթացը մեկ այլ կարևոր իրողություն է բացահայտում, այն է՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» ազգային-քաղաքական կառույցի ներքին ռեֆորմացիայի անհրաժեշտությունն ու դրա ջատագովների առկայությունը: ՀՅԴ-ում վաղուց է հասունացել սերնդափոխության ու ներքին հեղափոխության անհրաժեշտությունը և այս գործընթացին պետք է փորձել ուղղակի և անուղղակի կերպով նպաստել, այլ կերպ ասած՝ խրախուսել հայկական հեղափոխության մուտքը ՀՅԴ:

Եթե ելնելու լինենք այս դիրքից, ապա գործող քաղաքական մեծամասնությունը պետք է դադարեցնի ուղիղ կոնֆրոնտացիան և զերծ մնա ընդհանրական մեղադրանքներից: Բարձր քաղաքական մակարդակում արվող հայտարարություններում պետք է հստակեցնել, որ ՀՅԴ-ն համարվում է կարևոր արժեք մեր ժողովրդի համար, ինչի մասին վարչապետ Փաշինյանը նշել է նախկինում՝ ասելով, որ Դաշնակցությանը հարգանքով է վերաբերվում՝ որպես ավանդական կուսակցություն:

Մի քայլ էլ առաջ անցնելով՝ պետք է սկսել ուղիղ խոսել ավանդական այս կառույցի երիտասարդ, իդեալիստ, հայրենասեր ու առաջադեմ հատվածի հետ, խրախուսել նրանց՝ կառույցն առողջացնելու ջանքերը, այնպես, ինչպես եղավ 2018-ին, երբ փոփոխությունների ծարավ Հայաստանի պետական կառավարման համակարգի առողջ հատվածը միացավ հեղափոխությանն ու աջակցեց դրա հաղթանակին»: