Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«ՀՅԴ շարքերից արտաքսվելով՝ չեմ դադարելու լինել դաշնակցական». Արտակ Մելիքյան

769
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 16:20
«ՀՅԴ շարքերից արտաքսվելով՝ չեմ դադարելու լինել դաշնակցական». Արտակ Մելիքյան

ՀՅԴ ՆԱՈՒՄ նախկին նախագահ և վարչության անդամ Արտակ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, նկատելի է, որ ՀՅԴ Գերագույն մարմնի որոշմամբ՝ իմ և ընկերներիս՝ Վանիկ Չալոյանի, Անուշիկ Հովհաննիսյանի արտաքսման լուրը լայն տարածում ստացավ: Հստակ գիտակցում եմ այն, որ մեծ է հասարակության տարբեր շերտերում դրա տարընկալման և որոշ դեպքերում նաև նենգափոխման հավանականությունը:
Քանի որ վերոնշյալ որոշմանը նախորդած իրադարձությունների ընթացքը ներկայացվել և մեկնաբանվել է իմ և ընկերներիս կողմից (անհրաժեշտ և թույլատրելի չափով)՝ հակիրճ կերպով կանդրադառնամ իմ՝ ՀՅԴ-ին անդամակցելու և հավերժ դաշնակցական մնալու, մղումներին:
Նախևառաջ հարկ է արձանագրել այն, որ ՀՅԴ շարքերից արտաքսվելով, չեմ դադարելու լինել ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ՝ անշեղորեն շարժվելով դաշնակցականի գերագուն առաքելության ճանապարհով, որն է՝ միացյալ Հայաստանի կերտումը: Դա է այն սրբազան երազանքը, որն ինձ բերել է ՀՅԴ, և որը փայփայելու եմ իմ ողջ գիտակից կյանքում: Միացյալ Հայաստանի և ինքնիշխան պետության գաղափարն է, որ աներեր կերպով հանդիսանում են դաշնակցականի ոգու և Դաշնակցության հենասյուները, որոնց ամրության համար ի սպաս եմ դրել իմ անձը: ՀՅԴ էլիտաները և կանոնակարգի նրանց կողմից տրվող այսրոպեական մեկնաբանություններն անցողիկ են: Ես մեղանչել եմ այդ մեկնաբանությունների առաջ, որպեսզի չմեղանչեմ դաշնակցականի ոգու, դաշնակցական սրբազան առաքելության առաջ: Մնացյալի մասին թող խոսի ժամանակը, հարգելի ընկերներ»: