Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

284
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 13:10
Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Նախնական քննության տվյալներով՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, 2005-ի զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան համայնքին պատճառել է էական՝ 75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. համայնքային սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքում գտնվող՝ ընդհանուր 2611.2 քմ մակերեսով բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների և այլ տնտեսվարողների անունից, իբրև նշված շենքը վերանորոգելու բանավոր խնդրանքի պատրվակով, հայտարարել է այն շուկայականից անհամեմատ ցածր՝ տարեկան 1.317.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով 40 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու աճուրդ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:

Այնուհետև, համայնքի ղեկավարը, ի սկզբանե, տեղյակ լինելով համայնքում գործող ՍՊ ընկերության կողմից նշված շինության վարձակալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հանդիսացող հիշատակված շինության կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին, հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ նույն մրցույթի անցկացման վերաբերյալ ակնհայտ կեղծ արձանագրություն, որի հիման վրա էլ Դիլիջան քաղաքում գտնվող հիշյալ շինությունը, ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամ գումարով և 40 տարի վարձակալության իրավունքով, հանձնվել է Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակցի դստեր անվամբ աճուրդից շուրջ 30 օր առաջ հիմնադրած վերոհիշյալ ՍՊ ընկերությանը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում, օժտված լինելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը կազմակերպելու պարտականություններով, 2006-ի հունիսից մինչև պայմանագրի լուծարումը՝ 2018-ի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես, նշված ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված հիշյալ շենքի վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ պայմաններով կնքված վարձակալության պայմանագիրը:

Այսինքն՝ Դիլիջան քաղաքում գտնվող նշված շինության վարձակալության՝ շուկայականից անհամեմատ ցածր մեկնարկային գնի սահմանմամբ մրցույթի անցկացման նպատակը հանդիսացել է շինության կապիտալ վերանորոգումը, մինչդեռ շուրջ 12 տարի այն չի ենթարկվել կապիտալ վերանորոգման, ծառայեցվել է անձնական շահերին, համայնքի բյուջեն տարիներ շարունակ զրկվել է դրամական մուտքերից. համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ենթավարձակալներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 90.117.812 ՀՀ դրամ գումարից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 14.190.800 ՀՀ դրամ, որի հետևանքով Դիլիջան համայնքին պատճառվել է էական՝ 75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին