Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Նման մեղադրանք առաջադրելն ուղղակի ծառայում է հենց նրա շահերին». Հայկ Մարտիրոսյան

290
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 13:35
«Նման մեղադրանք առաջադրելն ուղղակի ծառայում է հենց նրա շահերին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանին մերժելուց և իշխանությունից հեռացնելուց գրեթե երկու տարի անց նրան ընդամենը նման մեղադրանք առաջադրելն ուղղակի ծառայում է հենց նրա շահերին:

Եթե երեսուն տարի իշխանության բարձրագույն օղակներում եղած կառավարչին տապալելուց երկու տարի անց ընդամենը շուրջ մեկ միլիոն դոլարի չարաշահման և մեղսագրվող հանցագործությունում անուղղակի մասնակցության մեղադրանք են առաջադրում, դա հիմք է այդպիսի մասշտաբի մեղադրյալի համար նախ հեշտորեն այդ մեղադրանքից ազատվելու և ապա, փաստացի, մեսիջ է հասարակությանը, որ դա այն ամենն է, ինչ կարող էին գտնել, կամ որ ավելի սարսափելի է, որ իբրև թե դա այն ամենն է, ինչ Սարգսյանն արել է:

Եվ վերջապես՝ ի՞նչ է այս իշխանությունը բացատրելու ժողովրդին: Որ մեկ միլիոն դոլար հափշտակելու մեջ մեղադրվողին հենց միայն դրա համա՞ր հեռացրեցինք իշխանությունից:

Սերժ Սարգսյանին, եթե ուզենային, թերևս կարող էին առնվազն մի քանի տասնյակ մեղադրանք առաջադրել: Այսպիսի մակարդակի գործողությամբ իշխանությունը թերևս էժանագին քայլ է կատարում՝ էժանագին ներկայացում մատուցելով ժողովրդին: Մի ներկայացում, որ Սերժ Սարգսյանին պատժելու տեսիլք է ստեղծելու և երկարատև ակամա բեմականացում ապահովելու: Իրականում դա կարող է և հնարք լինել՝ իբրև թե պատասխանատվություն կանչելու գործողությամբ՝ որոշ ժամանակ անց ազատելու նրան հնարավոր առավել մեծաքանակ և առավել լուրջ մեղադրանքներից:

Ավելորդ է հիշեցնել, որ չարգելված և այսօրվա իշխանությունների կողմից իր կյանքը շարունակելու փաստացի թույլտվություն ստացած Հայաստանի Հանրապետական կուսակցությունն օգտավործել է այս մեղադրանքի որակական կողմն ու դա ներկայացրել որպես քաղաքական հետապնդում:

Այն, ինչ մենք սկսում էինք որպես հեղափոխություն, բայց ավարտեցինք սոսկ տեղափոխությամբ, այն լեռն է, որ մուկ ծնեց: Եվ այդ մուկն այն արդյունքներն են, որ այսօր մենք տեսնում ենք: Սերժ Սարգսյանի այս մեղադրանքը դրա լավագույն ապացույցներից մեկն է»: