Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայի շուրջ «պատերազմ» է բռնկվել ՆԱՏՕ-ում. բրիտանական մամուլի անդրադարձը

275
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ., 18:50
Թուրքիայի շուրջ «պատերազմ» է բռնկվել ՆԱՏՕ-ում. բրիտանական մամուլի անդրադարձը

Անգլիական հեղինակավոր պարբերականներն անդրադարձել են դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում անցկավող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի նախօրյակին բուռն քննարկվում էր դաշինքի ապագան:

Հայտնի է, որ դաշինքի ներսում մի շարք հակասություններ կան, որոնցից ամենաքննարկվողներից մեկն էլ կապված է կառույցի անդամ հանդիսացող Թուրքիայի գործողությունների հետ, գրում է Ermenihaber.am-ը:
Անգլիական «Daily Telegraph» թերթը գագաթնաժողովին նվիրված հոդվածը վերնագրել է՝ «Ի՞նչ է լինելու այս դաշինքի վերջ»-ը:

Թերթը գրում է, որ անկախ պաշտպանական համակարգ ստեղծելու Եվրոպայի ու հատկապես Ֆրանսիայի ցանկությունը քաջալերում են Թրամփի մեկուսանալու քաղաքականությանը, իսկ այդ ուղղությամբ Թրամփի արած հայտարարությունները Մակրոնի համար ՆԱՏՕ-ի արդյունավետությունը կասկածի տակ դնելու առիթ են ստեղծում:

«Այս ամենն էլ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ն թեստի ենթարկելու հնարավորություն է տալիս»,- գրում է թերթը ու հավելում, որ այս պահին դաշինքի առաջ ավելի լուրջ խնդիրներ կան ծառացած, որոնցից առաջինը Թուրքիան է:

«Թուրքիայի կողմից S-400-ների գնումն ու YPG-ն (Սիրիայի քրդերի զինված ջոկատներ-«Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր») ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու ուղղությամբ Թուրքիայի պնդումները դաշինքի ներսում տարաձայնություններ է առաջացրել: Սակայն Մերձավոր Արևելքի ամենամեծ բանակներից մեկը դաշինքից հանելը հեշտ որոշում չէ»,- գրում է «Daily Telegraph»-ը:
Հոդվածի եզրափակիչ մասում ասվում է, որ Վաշինգթոնը, Լոնդոնն ու մյուս գործընկերները հույս ունեն, որ Էրդողանի փոխարեն իշխանության կգա մեկը, ով ավելի քիչ խնդիրներ կառաջացնի:

«Daily Telegraph»-ի պաշտպանական թեմաների խմբագիր Ջոն Քաֆլինն էլ թեմայի վերաբերյալ հոդվածում գրում է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է գոյության ճգնաժամի շեմին: Հեղինակի կարծիքով դաշինքի ներսում նվազել է վստահությունն ԱՄՆ-ի հանդեպ:

Քաֆլինի կարծիքով Եվրոպական գործընկերների մտահոգությունների մի մասը կապված է քրդերի հանդեպ Թրամփի քայլերի հետ. Նրանք մտածում են, որ եթե ԱՄՆ-ի նախագահն այդպես է վարվում Ամերիկայի համար կռվողների ու մեռնողների հանդեպ, մի օր էլ կարող է իրենց մեջքով շուռ գալ:

«Եվրոպացի առաջնորդները դժգոհ են նաև Ռուսաստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների մասով Թրամփի տված հակասական ազդանշաններից: Եթե չլինեին Թրամփի հետ ունեցած Էրդողանի լավ հարաբերությունները, ապա S-400 համակարգեր գնելու համար Թուրքիան մեծ հավանականությամբ կենթարկվեր ՆԱՏՕ-ի պատժամիջոցներին: Նույն կերպ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական հարաբերություններ կառուցելու Թրամփի ձգտումը ստվերում է Ռուսաստանի սպառնալիք լինելու մասին ՆԱՏՕ-ի թեզը»,- գրում է Քաֆլինը:
ՆԱՏՕ-ի գագաթանաժողովին առաջին 2 էջերը հատկացրած: «GUARDİAN»-ը գրում է, որ Թուրքիայի հարցում Թրամփի ու Մակրոնի հակադրվելը ՆԱՏՕ-ի ներսում պատերազմ է բռնկել:

Ըստ թերթի՝ ամեն ինչ իրար է գումարվել. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Մակրոնը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ի հետ կապ ունեցող խմբավորումների հետ աշխատելու մեջ: Թրամփը «անպատկառ» է որակել ՆԱՏՕ-ի ուղեղը մեռնելու մասին Մակրոնի արած հայտարարությունը: Էրդողանը հայտարարել է, որ արգելափակելու է Բալթյան երկրների պաշտպանության պլանը, այնքան ժամանակ մինչև դաշինքի անդամ երկրները YPG-ն ահաբեկչական կառույց ճանաչեն: