Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.

Դատարանը քննում է Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

136
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ., 18:10
Դատարանը քննում է Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դեկտեմբերի 3-ի նիստում Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց հանցակազմի բացակայության հիմնավորմամբ կարճել 7-ի գործով քրեական գործը և դադարեցնել քրեական հետապնդումն ամբաստանյալների նկատմամբ: Պաշտպանը մի քանի քրեական այլ գործերի օրինակներ բերելով՝ նկատեց, որ դրանց դեպքերում դատարաններն ու դատախազությունը քրեական գործերը կարճել են: Մինչդեռ տվյալ գործով թե՛ դատարանը, թե՚ դատախազությունը հանդես են բերել խտրականություն և գործը չեն կարճել: Պաշտպանը պնդեց, որ ԱԺ կողմից մարտի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նոր հանցակազմ է: Ուստի՝ միջնորդեց վերացնել խտրականությունը, քրեական գործի վարույթը կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը: Նույնաբովանդակ միջնորդություններ ներկայացրին նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները: Հայկ Ալումյանը դատարանին խնդրեց միջնորդությունները քննել առանձին-առանձին, որքան էլ դրանք նույնաբովանդակ լինեն, տարբեր անձանց են վերաբերում: Մեղադրող կողմն առարկեց՝ նշելով, թե անիմաստ է նույն հիմնավորումները ներկայացնել առանձին անձանց դեպքերով:

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց պաշտպաններին հնարավորություն տալ առանձին-առանձին ներկայացնել իրենց միջնորդությունները: Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունների համար քրեական հետապնդման համար անհրաժեշտ է, որ թե՛ այն ժամանակվա, թե՛ ներկայիս Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածները միմյանց համապատասխանեն: 300.1 հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: «Սահմանադրական կարգի տապալում» ասվածը 2008թ. գործող օրենդրությամբ նախատեսված չի եղել:

Մեղադրող Կարեն Բիշարյանն առարկեց՝ ասելով, որ այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում, թե 2008-ին, թե 2018-ին «սահմանադրական կարգի տապալում» հոդվածը գոյություն չի ունեցել: Հոդվածը գոյություն ունեցել է, պարզապես օրենքում փոփոխության տեսքով: Դատական նիստը դեռ շարունակվում է: