Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքի փորձ կատարելու համար

322
Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ., 14:35
Մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքի փորձ կատարելու համար

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխաների առքի փորձ կատարելու համար:

Ավելի վաղ, հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքն ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ Հայաստանում գործող բժշկական կենտրոնի և պետական հաստատությունների մի շարք ծառայողներ 2016-2018թթ. ընթացքում ուղղակի դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, շուրջ մեկ տասնյակից ավելի ծննդկանների հակել են որդեգրման նպատակով իրենց երեխաներից հրաժարվելուն և իրենց կամքին հակառակ որդեգրման համաձայնություն տալուն։

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է որդեգրման և երեխաների առքի փորձ իրականացրած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1976-ին:

Փաստական տվյալների համաձայն՝ 43-ամյա կինը, օգտվելով երեխայի խնամքն ստանձնելու ցանկություն հայտնած անձանց՝ որդեգրման գործընթացից անտեղյակ լինելու հանգամանքից, 2018-2019թթ. ընկած ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերել մի դեպքում օտարերկրյա, մյուս դեպքում՝ ՀՀ քաղաքացիների հետ՝ համապատասխանաբար՝ 20.000 եվրո և 5.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց նախաձեռնել վերջիններիս կողմից խնամքն ստանձնելու նպատակով, Հայաստանի մանկատներում գտնվող առողջ երեխաների որդեգրումը:

Իր անձնական կապերն օգտագործելով՝ 43-ամյա կինը փորձել է որպես որդեգրող հաշվառված մյուս անձանցից առաջնահերթության կարգով կազմակերպել երեխաների որդեգրումը, իսկ իր կողմից՝ պայմանավորված գումարների դիմաց երեխաների փաստացի առքը, սակայն չի կարողացել իր նպատակն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 43-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ապօրինի որդեգրման գործընթացին մասնակից բուժհաստատությունների, պետական պատասխանատու հիմնարկների համապատասխան աշխատակիցների, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին