Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Եթե «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզվում է, ինչո՞ւ նույնը չի արվում այլ կազմակերպության հետ». ավագանու ԲՀԿ անդամ

268
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 14:35
«Եթե «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզվում է, ինչո՞ւ նույնը չի արվում այլ կազմակերպության հետ». ավագանու ԲՀԿ անդամ

«Ինձ մոտ հարցեր են առաջանում, թե ինչի հիման վրա է հրատապ ծախսերի համար նախատեսված գումարը 2019թ. 30 միլիոնից 2020թ. դարձել 355 միլիոն դրամ: Չկա հիմնավորում, թե այդ ի՞նչ նախադեպ է եղել 2019 թվականին, որ ստիպել է 2020թ. այդ գումարը մոտ 14 անգամ ավելացնել». նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիմանը Երևանի 2020թ. բյուջեի վերաբերյալ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիե Առաքելյանը: Նա նշեց, որ նախագծով աճ է արձանագրել նաև պարգևատրումների ֆոնդը. այն 700 միլիոն դրամից դարձել է 1 միլիարդ 900 միլիոն դրամ: Նույն խմբակցության ավագանու մեկ այլ անդամ՝ Միքայել Մանրիկյանն էլ հավելեց, որ դրանից բացի, խոսվում է նաև աշխատավարձերի բարձրացման մասին: Ընդ որում՝ արդարության մեխանիզմն ապահովված չէ:

«Ստորին օղակներինը բարձրացվելու է 25-30, վերինը՝ 100 տոկոսով»,- մանրամասնեց Մ.Մանրիկյանը:

Խմբակցության քարտուղար Հ.Առաքելյանի գնահատմամբ՝ ֆինանսական փաստաթղթում մանիպուլյացիներ կան.

«Բյուջեի նախագծի փաստաթղթի հոդվածում գրված է. «4-րդ կարգի վթարային շենքերի համար հատկացնել 90 միլիոն դրամ, իսկ բնակիչներին էլ տրամադրել վարձակալության գումարներ»: Երևանցին եթե կարդա, անմիջապես ոգևորություն կապրի՝ հասկանալով, թե բոլոր վթարային շենքերի հարցը լուծվում է: Որևէ մեկը չի կարող հասկանալ, թե ինչ շենքերի մասին է խոսքը: Դա մանիպուլյացիա է»,-նկատեց ավագանու անդամը:

Ըստ նրա՝ հետո պարզվել է, որ խոսքն ընդամենը Արցախի 8 և 10 հասցեների շենքերի մասին է: Դրանց բնակիչներն արդեն տեղափոխվել են նոր բնակելիներ, իսկ վերոնշյալ գումարը հատկացվելու է ընդամենը նշյալ վթարային շենքերը քանդելու համար: Մ.Մանրիկյանը լրացրեց, թե դեպքեր կան, որ շենքն իրականում 4-րդ կարգի վթարային է եղել, սակայն եզրակացությամբ 3-րդ կարգի են համարվել:

Բյուջեի նախագծով 38 միլիոն դրամ է նախատեսվել գետերի հունը մաքրելու համար: Այդ աշխատանքը տարիներ շարունակ նույն կազմակերպությանն է վստահվել, որն ըստ Մ.Մանրիկյանի՝ աշխատանքը վատ է կատարել

«Եթե վատ աշխատանքի պատճառով «Սանիթեքի» հետ միակողմանիորեն պայմանագիրը խզվում է, ապա ինչո՞ւ նույն բանը չի արվում այդ կազմակերպության հետ»,- հարցադրեց ավագանու Մ. Մանրիկյանը:

Ավագանու ԲՀԿ-ական անդամները նշեցին, թե դեռ չեն հստակեցրել՝ ինչպես են քվեարկելու բյուջեին: Առաջիկա 10 օրում քննարկումներ կատարելուց հետո միայն կհայտնեն իրենց դիրքորոշումը: